Մատչելիության հղումներ

Հայաստանում անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 557 նոր դեպք


Հայաստանում անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 557 նոր դեպք, հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 709-ով, գրանցվել է մահվան ևս 11 դեպք: Մահվան 7 դեպք էլ գրանցվել է, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով՝ հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն այսօր «Ազատությանը» որոշ մանրամասներ հայտնեց. «Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 557 նոր դեպք ունենք և 709 առողջացած, ընդհանուր դեպքերը հասել են 30 հազար 903-ի, ընդհանուր առողջացածների թիվը 18 հազար 709 է, 546 մահվան ելք ունենք, ցավոք»:

Երեկ իրականացվել է 2 հազար 50 թեստավորում, թեստավորումների ընդհանուր թիվը հասավ 131 հազար 216-ի:

Արցախի առողջապահության նախարարությունից առավոտյան ստացված տեղեկության համաձայն, նախորդ օրվա ընթացքում այնտեղ՝ Ստեփանակերտում և Մարտակերտում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք։ Միաժամանակ, կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի է առողջացել, կորոնավիրուսից մահվան դեպք դեռ չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է, առողջացածները՝ 116-ն են, բուժվում է 30 քաղաքացի: Երեկ իրականացվել է 54 թեստ, ընդհանուր առմամբ՝ 2522։

Եթե դիտարկենք Հայաստանի Հանրապետությունում թեստավորված անձանց քանի տոկոսի մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել, ապա տեսնում ենք, որ հուլիսին՝ հունիսի համեմատ այդ թիվը շարունակում է նվազել։ Այսպես, եթե հունիս ամսին թեստավորվածների ընդհանուր թվի նկատմամբ վարակվածների տոկոսային հարաբերակցության միջին օրական թիվը կազմել է 30,2 տոկոս, այսինքն՝ հունիսյան յուրաքանչյուր օր թեստավորվածների 30,2 տոկոսի մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել, ապա հուլիսի առաջին ինը օրերի տվյալների համաձայն՝ այդ թիվը կազմել է 27,5 տոկոս։

Համաճարակաբան Արման Բադալյանի գնահատմամբ, առկա թեստավորումը թույլ չի տալիս հայտնաբերել կորոնավիրուսով վարակված բոլոր մարդկանց, ուստի վարակակիրների իրական քանակը ավելի է՝ պաշտոնապես ներկայացվածից։

«Կայունացում միայն կարող ենք ասել վերջին մի քանի օրերի տեսանկյունից, թեպետ օրը վերջին ժամանակահատվածում 500-700 էր, հիմա կարծես թե 500-ից 600-ի ինչ-որ տիրույթում է: Բայց դա շատ հարաբերական է և չի բռնում իմ նախորդիվ ասածի հետ: Իրական հիվանդների թիվը մենք էս պահին կդժվարանանք ասենք, նրանք հաստատ ավելի շատ են: Այստեղ ես մի դրական բան եմ տեսնում, որ հստակ ունենք թեստերի թիվ, վերջին ժամանակահատվածում կայուն է թիվը: Որևէ թվի կայունությունը միշտ ինչ-որ հենակետային է, որպեսզի դու կարողանաս ինչ-որ եզրահանգումների գալ, թեպետ ասում ենք՝ բավական չի, բայց գոնե կայուն է: Այդ կայունության ֆոնի վրա, եթե վերջին ժամանակահատվածում արդեն տեսնում ենք 500-ից 700-ը իջավ 500-600-ի տիրույթ, ուրեմն տեսնում ենք, որ էդ բարձր թվերի վրա դեռ կայուն գնում է այդ ընթացը», - ասաց Բադալյանը:

XS
SM
MD
LG