Մատչելիության հղումներ

Արցախի ԱԳՆ. Ալիևը բանակցային գործընթացում արդյունքների բացակայության սեփական մեղքը փորձում է բարդել համանախագահների վրա


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության համար սեփական մեղքը բարդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա՝ անգործության մեջ կտրուկ մեղադրանքներ հնչեցնելով նրանց հասցեին, ասված է Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանության մեջ:

Արձագանքելով Ալիևի հարցազրույցին` Արտակ Ներսիսյանը նշել է, թե խոչընդոտելով բանակցային լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնմանը, անընդհատ կասկածի տակ դնելով վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը և սպառնալով ուժի կիրառմամբ, փորձելով խեղաթյուրել հակամարտության էությունը, «սեփական երկրում խրախուսելով ռասիստական և հակամարդկային հայացքներն ու վարքագծի մոդելները, ադրբեջանական իշխանությունները կանխամտածված կերպով լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»։

Արցախի ԱԳՆ-ն հիշեցնում է ադրբեջանական կողմին, որ միջազգային վեճերի բացառապես խաղաղ միջոցներով լուծումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ:

«Բաքվի բոլոր շահարկումներն առ այն, որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածն իրեն իրավունք է տալիս ուժ կիրառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում, մերժվել են միջազգային հանրության կողմից 2016 թվականի ապրիլին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը միակարծիք էին, որ պետք է խստորեն պահպանվեն 1994 թ. հրադադարի և դրա ամրապնդման մասին 1995 թ. համաձայնագրերը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության շուրջ միջազգային հանրության միասնական դիրքորոշման ֆոնին Ադրբեջանի՝ նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքները չեն կարող այլ կերպ գնահատվել, քան իրեն միջազգային հանրության և միջազգային իրավունքի սահմաններից դուրս հռչակելու փորձ», - ասված է մեկնաբանության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG