Մատչելիության հղումներ

Տանը բուժվող հիվանդները ինչպե՞ս բժշկի այցելեն ու չտուգանվեն մեկուսացման կարգը խախտելու համար


Լիբանանից Երևան մշտական բնակության տեղափոխված Ցոլեր Շխրտմյանի համար վերջին մեկ ամիսը փորձություններով լի էր։ Չնայած հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանել է, բայց կորոնավարակից խուսափել չի հաջողվել։

Անցած ամիս 24 օր տանը մեկուսացված Ցոլերը թոքաբորբն ավելի հեշտ է հաղթահարել, քան բուժման բյուրոկրատական ճանապարհը։

«Ինձ ասացին, որ պետք է մեկուսանամ և հատուկ պետք է պոլիկլինիկայի բժշկուհուն դիմեմ, բայց ես չգիտեի՝ որտեղ եմ գրանցված, որովհետև այստեղի օրենքներին այդքան էլ ծանոթ չէի, հետո հստակեցրին, թե ես 17-րդ պոլիկլինիկայի հիվանդներից եմ, և ես կապվեցի բժշկուհու հետ, ու ամեն օր բժշկուհին ինձ շատ լավ խորհուրդներ տվեց», - պատմեց Շխրտմյանը:

Ցոլերը շնորհակալ է իրեն օգնության հասած բոլոր կառույցներին, բայց բուժման համար պահանջվող ծախսերից ու դժվարություններից բացի ոչ պակաս մտահոգիչ է համարում տեղեկատվության պակասը։ Ասում է, օրինակ, տանը բուժվող թոքաբորբով հիվանդները լրացուցիչ հետազոտության անհրաժեշտություն են ունենում, բայց մյուս կողմից գործում են մեկուսացման խիստ կանոններն ու բարձր տուգանքները։ Ինչպե՞ս վարակակիրները առանց կարգը խախտելու հիվանդանոց հասնեն։ Այս խնդրին ինքն էլ է բախվել։ Տնից դուրս գալու թույլտվության համար տարբեր համարներով է զանգահարել։

«КТ-ի ժամանակ, երբ որ շատ պահանջում էի КТ-ն, զանգեցի նորից 911, ինձ ասացին, որ պետք է 113 հեռաձայնեմ և շտապօգնության դիմեմ, որովհետև ես իրավունք չունեի տաքսիով, վարորդով տեղ գնալու: Այդպես, շտապօգնությանը դիմեցի, և ես ու ամուսինս գիշերը ժամը 12:30-ին շտապօգնության մեքենայով հասանք «Աստղիկ» հիվանդանոց», - ասաց նա:

Երկկողմանի թոքաբորբով տանը բուժված լրագրող Անուշ Թրվանցն էլ է բախվել կառավարության քաղաքականության հակասություններին։ Մի կողմից Առողջապահության նախարարությունը որոշում է, որ թեթև ու միջին ծանրության թոքաբորբով հիվանդները տանը բուժվեն, մյուս կողմից ուժի մեջ են համավարակի սկզբնական փուլում ընդունված ծանր տուգանքներով մեկուսացման սահմանափակումները։

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից առաջին օրը հենց զանգահարել, ասել են, որ «դուրս չգաք տնից», բայց հաջորդ օրը իմ վիճակը վատացել է, և ես հիվանդանոց գնալուց առաջ զանգել եմ իրենց, ասել եմ, որ դուրս եմ գալու, պետք է գնամ հետազոտվեմ, իրենք էդպես մոլորված ասում են՝ «դե մենք չգիտենք՝ պարետատունը կտուգանի, թե չէ, կարող եք զանգել իրենց ասել», բայց ես պարետատուն չկարողացա այդ օրը զանգել ու չէի էլ կարող ուշացնել իմ հետազոտությունը և ստիպված դուրս եկա տնից: Ոչ ոք ո՛չ զանգեց, ո՛չ վերահսկեց, ո՛չ իմացավ իմ տեղաշարժը: Շատ կան իմ շրջապատում մարդիկ, որոնք էլի կանգնած են հետազոտման խնդրի առջև, իրենց թողել են տունը, որ տունը բուժվեն, բայց ո՞վ պետք է այդ բուժումը սկսի, որտեղի՞ց պետք է սկսի, չկան այդ մարդիկ», - նշեց Անուշ Թրվանցը:

Անուշը կորոնաթոքաբորբով հիվանդացել է հունիսի սկզբին, երբ գերծանրաբեռնված էին բոլոր կառույցները։ Շտապօգնության, Առողջապահության նախարարության և պարետատան հասցեներով զանգերը ժամերով անարձագանք էին մնում, իսկ ծանրացող թոքաբորբի դեպքում այլ ելք չէր մնում։

«Ամեն ինչը մնում է անհատական պատասխանատվության մակարդակի վրա՝ ինչքանով է բարձր այդ մակարդակը: Բնականաբար, ես պաշտպանվում էի, կրկնակի ձեռնոց էի հագնում, եղել է, որ կրկնագուլպա եմ հագել՝ բախիլ», - նշեց նա:

Ինչպե՞ս բուժվեն տանը բուժվող կորոնաթոքաբորբով հիվանդները, անհրաժեշտության դեպքում հիվանդանոցում հետազոտվեն և չտուգանվեն մեկուսացման կանոնները խախտելու համար։ Կա՞ն բացառություններ։ Արդյոք ամիսներ առաջ ընդունված կանոնները վերանայելու կարիք չկա՞։ Պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը համամիտ է, որ շտապօգնության մեքենայով բոլորին բուժհաստատություն տեղափոխելն անհնար է, բայց եթե հիվանդին չի հաջողվում շտապօգնության և պոլիկլինիկայի հետ կապվել ու չունի մեքենա, ծայրահեղ վիճակում է, խիստ պաշտպանված կարող է տաքսիով հիվանդանոց տեղափոխվել։

«Շատ հազվադեպ կամ քիչ դեպքեր են լինում, երբ հիվանդը ստիպված է օգտվել տրանսպորտից կամ տաքսի ծառայությունից, եթե չկան մնացած բոլոր տարբերակները, այսինքն՝ բժիշկը չի այցելում, շտապօգնություն ազատ չկա, ինքը հեռու է ապրում, ու տան անդամներից որևէ մեկը չկա, որ կարող է մեքենայով տեղափոխել: Շատ քիչ դեպքերում է լինում, որ ստիպված է օգտվել տաքսի ծառայությունից: Այս դեպքում պետք է արդեն հիվանդը, պահպանելով բոլոր կանոնները, այսինքն՝ դիմակ կրելով, գնալ, օգտվել տաքսի ծառայությունից և հասնել բուժհաստատություն», - ասաց Բադալյանը:

Ամեն դեպքում, հանրային տրանսպորտով ցանկալի չէ, շեշտում է Բագրատ Բադալյանը։ Նրա պարզաբանմամբ՝ հիմնականում հարցը կարգավորվում է պոլիկլինիկայի բժշկի միջոցով։ Եթե պոլիկլինիկայի ծառայություններից դուրս հետազոտության կարիք է զգացվում, վարակակիրը պետք է բժշկին տեղյակ պահի, վերջինս էլ՝ ոստիկանին, որ իր ցուցումով հիվանդը լքում է մեկուսացման տարածքը։

«Պետք է զանգի բժշկին, բժիշկն իր հերթին պետք է կապ հաստատի ոստիկանի հետ և ասի, որ հիվանդն իր ցուցումով լքում է ինքնամեկուսացման հասցեն և գալիս է հիվանդանոց, եթե բժիշկը չի կարողանում ինքը գնալ և այդ ծառայությունը, բուժօգնությունը մատուցել տանը», - հավելեց պարետի խորհրդականը:

Մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնների խախտման համար քրեական ու վարչական պատասխանատվությունը խստացվեց մարտի վերջին, երբ վարակվածները հոսպիտալացվում էին, իսկ կոնտակտավորները մեկուսացվում հյուրանոցներում։ Մեկուսացման կանոնները խախտելու համար նախատեսված է մինչև 250 հազար դրամի չափով տուգանք։ Խախտման հետևանքով ուրիշին վարակելու դեպքում առավել խիստ է պատիժը՝ ընդհուպ ազատազրկում։

Ոստիկանության տվյալներով՝ մինչ օրս 132 դեպք է արձանագրվել։ Քրեական գործ է հարուցվել մի դեպքում, երբ թեստի դրական պատասխանը ստանալուց հետո տաքսու վարորդը շարունակել է աշխատել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG