Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Միացյալ Նահանգները Հայաստանին կտրամադրի ևս մեկ միլիոն դոլար աջակցություն։ Այս մասին այսօր հայտնել է Հայաստանում Միացյալ նահանգների դեսպան Լին Թրեյսին։
Այսպիսով՝ համաճարակի դեմ պայքարում մինչ օրս Հայաստանին հատկացված աջակցությունը կկազմի 5 միլիոն 400 հազար դոլար, ասել է դեսպանը։
«Հավելյալ մեկ միլիոն ամերիկյան դոլար է նախատեսվել Հայաստանին այս հարցում աջակցելու նպատակով։ Գլոբալ առողջապահական հիմնադրամի միջոցներից կուղղվեն Հայաստանին։ Այս մասին այս շաբաթ խոսել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն։ Եթե սա էլ ավելացնենք արդեն իսկ հատկացված աջակցությանը, ապա ամբողջը կկազմի 5 միլիոն 4 հարյուր հազար դոլար։ Դրանք ուղղվում են լաբորատոր կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը և օգնում Հայաստանի կառավարությանը կորոնավիրուսով վարակված ծանր դեպքերի բուժումն իրականացնելու համար», - նշել է Լին Թրեյսին։
Բացի նշված աջակցությունից, 1 միլիոն 2 հարյուր հազար դոլար էլ դեսպանությունը դրամաշնորհներով կտրամադրվի համայնքային փոքր բիզնեսների առողջացմանը, որոնք կորոնավիրուսի հետևանքով հայտնվել են ծանր վիճակում։ Դեսպան Թրեյսին անդրադարձել է նաև կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի կատարած աշխատանքներին։
«Կառավարության աշխատանքից մի գործոն եմ ուզում առանձնացնել և դրա մասին գովեստով արտահայտվել։ Այս ընթացքում հաղորդակցության թափանցիկությունն ու հասարակության առջև հաշվետու լինելն է», - ընդգծել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը։
Դեսպան Թրեյսիին ֆեյսբուքյան ուղիղի հեռարձակման ընթացքում հարց է ուղղվել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ։ Միացյալ նահանգները համամի՞տ է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարության հետ, հետաքրքրվել է օգտատերերից մեկը։
Մոտ մեկ ամիս առաջ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման քննարկումների հիմքում փուլային սկզբունքներն են։ Առաջին փուլում, ըստ Լավրովի, պետք է ազատագրվեն Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ։
«Ուզում եմ շեշտել, որ Միացյալ Նահանգները շարունակում է ակտիվ ներգրավված մնալ այս աշխատանքներում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Եվ, իհարկե, Ռուսաստանը երեք համանախագահներից մեկն է, և մենք փորձում ենք մեր աշխատանքը կառուցողական իրականացնել մյուս համանախագահների հետ։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական մեր հանձնառությանը։ Որպես համանախագահ մեր խնդիրն է աջակցել, որ հակամարտությունը խաղաղ կարգավորում ունենա», - պատասխանել է նա։
Դեսպան Թրեյսին խոսել է նաև վիզաների տրամադրման գործընթացից, որը համաճարակով պայմանավորված դադարեցվել է։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը կասեցրել է վիզաների տրամադրումը բոլոր դեսպանատներում և դեռ հայտնի չէ՝ այս գործընթացը երբ է վերսկսվելու, ասել է դեսպանը։