Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան:
ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ ՌԴ նախագահի ուղերձում մասնավորապես ասված է. - «Ռուսաստանում բարձր են գնահատում ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում Ձեր ակտիվ շահագրգռությունը։ Համոզված եմ, որ երկկողմ կառուցողական համագործակցության հետագա ընդլայնումը, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը համապատասխանում են մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին»։
Վլադիմիր Պուտինն Արմեն Սարգսյանին մաղթում է քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ։
Չինաստանի նախագահն իր ուղերձում մասնավորապես գրել է. - «Հայաստանը համագործակցության ավանդական գործընկեր է Չինաստանի համար: Վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան, քաղաքական շփումները դարձել են ավելի սերտ, խորանում է գործնական համագործակցությունը»:
«Կորոնավիրուսի համավարակի բռնկման պահից Չինաստանը և Հայաստանը հաստատուն կերպով աջակցում են միմյանց և հաղթահարում դժվարությունները միասնական ջանքերով, ինչը լիովին արտացոլում է երկու երկրների ժողովուրդների խորը բարեկամությունը:
Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր ներդնել, որ երկկողմ հարաբերությունները և բազմակողմ համագործակցությունը մեծ արդյունքներ գրանցեն՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների», - Արմեն Սարգսյանին գրել է Սի Ծինփինը:
Իտալիայի նախագահի ուղերձում ասված է. - «Պահպանում եմ Երևանում և Հռոմում մեր հանդիպումների մասին ջերմ հիշողությունը, որը վերահաստատում է Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների կարևորությունը, և սիրով արձանագրում եմ դրանց շարունակական ընդլայնումը: Ազատության և ժողովրդավարության տենչանքը մեր ժողովուրդների ընդհանուր պատմության հատկանիշն է, որը յուրաքանչյուրիս մեր ուղիով հասցրեց անկախության և հանրապետության»:
Սերջիո Մատարելլան համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Իտալիա նախատեսվող պետական այցի շրջանակում Արմեն Սարգսյանին կհյուրընկալի Քվիրինալյան պալատում:
Հայաստանի նախագահին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հայաստանի նախագահն այսօր դարձավ 67 տարեկան: