«Air Serbia» ավիաընկերության հատուկ չվերթներով հունիսի 18-ին և 19-ին Սերբիայից Հայաստան է ժամանել մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաներով ու սարքավորումներով: Այս մասին հայտնում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը:
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Սերբիայի կողմից Հայաստանին մեծածավալ աջակցություն տրամադրելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հեռախոսազրույցների արդյունքում:
Արկղերից մեկի վրա փակցված է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի գրառումը, որում ասվում է․ «Օգնություն հայ ժողովրդին այս դժվար պահերին` որպես լավ ապագայի գրավական»։
Որպես աջակցություն համավարակի դեմ պայքարին՝ Սերբիան Հայաստանին է տրամադրել 10 արհեստական շնչառական սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ: