Մատչելիության հղումներ

«Իմ քայլի» պատգամավորները ներկայացրել են Սահմանադրության փոփոխությունների նախագիծ


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ավելի քան 5 տասնյակ պատգամավորների կողմից շրջանառության մեջ է դրվել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ: Նախագիծը նախատեսում է, որ դադարեն այն ՍԴ անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, և նրանց փոխարեն նշանակվեն ՍԴ նոր անդամներ: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում:

Նա ներկայացրել է, թե ինչպես փոփոխություն է մասնավորապես առաջարկվում:

Հոդված 1. 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարումը

Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:

2. Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը:

3. Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Այս հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

4. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` այս հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից իշխանությունները հրաժարվեցին կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված:

XS
SM
MD
LG