Միացյալ Նահանգներում նշում են ստրկատիրությունից հրաժարվելու 155-ամյակը: Տոնը հայտնի է որպես Juneteenth (հիբրիդային բառ է՝ «հունիս» և «տասնինը» բառերի միավորում):
1865 թվականի հունիսի 19-ին «միութենականների» գեներալ Գորդոն Գրանջերը Տեխասի նահանգում հրապարակել է դաշնային հրամանագիրը սևամորթ ստրուկների ազատության մասին:
Ստրկատիրությունը չեղյալ է հայտարարվել 1862 թվականի սեպտեմբերի 22-ին նախագահ Աբրահամ Լինքոլնի հրամանագրով, որն ուժի մեջ է մտել 1863 թվականի հունվարի 1-ին:
Սակայն Միության և Կոնֆեդերացիայի միջև գտնվող տարածքներում ստրկատիրությունը դեռ պահպանվել է և վերջնականապես չեղարկվել է 1865 թվականի դեկտեմբերի 6-ին, երբ ուժի մեջ է մտել Միացյալ Նահանգների սահմանադրության 13-րդ լրամշակումը, ըստ որի ստրկատիրությունն ապօրինի է ճանաչվել ԱՄՆ բոլոր նահանգներում և տարածքներում:
1980 թվականին հունիսի 19-ը Տեխասի նահանգում ճանաչվել է պետական տոն, սակայն այլ նահանգներում դա ոչ պաշտոնական տոն է:
Այս տարի հունիսի 19-ը Միացյալ Նահանգներում նշում են ռասայական լարված հարաբերությունների պայմաններում:
Իրավիճակը հատկապես սրվել է Մինեապոլիսում սպիտակամորթ ոստիկանների կողմից սևամոր կասկածյալ Ջորջ Ֆլոյդի սպանության կապակցությամբ, ինչից հետո հարյուրավոր քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր և զանգվածային անկարգություններ: Լայնածավալ ակցիաներ են տեղի ունեցել նաև արտասահմանում:
Ֆլոյդի սպանությունից հետո սկսված շարժման ակտիվիստները պահանջում են բարեփոխել ԱՄՆ-ում ոստիկանության համակարգը: Սպանության հետ առնչություն ունեցող 4 ոստիկաններն այժմ կալանքի տակ են: