Մատչելիության հղումներ

Քաղաքացիների համար գազի սակագինը չի բարձրանա, այն կթանկանա մի շարք տնտեսվարողների համար


«Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը զրուցում է լրագրողների հետ, 19 հունիսի, 2020թ.
«Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը զրուցում է լրագրողների հետ, 19 հունիսի, 2020թ.

Սպառող քաղաքացիների համար գազի սակագինը չի բարձրանա, մեկ խորանարդ մետրի համար 139 դրամ գինը կպահպանվի։ Սոցիալապես անապահով բնակիչների համար ևս թանկացում չի լինի՝ մեկ խորանարդ մետրի համար 100 դրամ սակագինն անփոփոխ կմնա։ Այսօր նման որոշում կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։

Այդուհանդերձ, մեկ ամսից գազը միջինում 4,5 տոկոսով կթանկանա մի շարք տնտեսվարողների համար։ ՀԾԿՀ-ն ավելի քան երկու ամիս քննում էր Ռուսաստանի պետական «Գազպրոմ» ընկերության դուստր ձեռնարկության՝ «Գազպրոմ Արմենիայի» գազի սակագների վերանայման հայտը։ Ըստ դրա՝ պետք է սահմանվեր գազի միասնական սակագին՝ 135,9 դրամ, սոցիալապես անապահովների համար սահմանված մատչելի սակագինն էլ պետք է հանվեր, ինչի արդյունքում նրանց համար գազը կթանկանար շուրջ 36 տոկոսով։ Առաջարկի ընդունման դեպքում կապույտ վառելիքի սակագինը հայաստանցիների համար միջինում շուրջ 11 տոկոսով կթանկանար։

ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը նիստի մեկնարկին ներկայացրեց գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնողների համար սահմանվող նոր սակագները. - «Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ժամանակահատվածի համար և վերամշակող, այսինքն` պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը 1000 խորանարդ մետրի համար սահմանել 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` գործող 212 դոլարի փոխարեն»:

Դե իսկ ամսական 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ սպառած բաժանորդները 1000 խմ-ի դիմաց կվճարեն շուրջ 256 դոլար` գործող 242.1-ի փոխարեն։

Այսօր կայացած նիստին մասնակցում էր նաև «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը: Նա ՀԾԿՀ մոտեցումը գազի սակագների հարցում ընդունելի է համարում, բայց ոչ բավարար. - «Մեր կարծիքով` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից առաջարկվող 266.7 դոլար միջին սակագինը 1000 խորանարդ մետրի համար պետք է սահմանվի ոչ պակաս, քան 275 դոլար: Հիշեցնում եմ` գործող սակագինը 295 է, իսկ մեր հայտը` 283»:

Նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում Թադևոսյանն ընդգծեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման հետևանքով «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքները, զարգացման տեմպերը կդանդաղեն, սակայն վստահեցրեց՝ գազի մատուցման անվտանգությունը չի տուժի. - «Ինչ-որ բաներ զարգացման տեմպերի հետ կապված և ասենք որոշ խնդիրներ կդանդաղեն, բայց անվտանգության, խոստանում եմ, ոնց եղել է, չի ազդելու»:

«Ազատության» հարցին, թե մասնավորապես ի՞նչ աշխատանքներ են տուժելու արդյունքում, պատասխանեց. - «Թեման երկար է իրենից ներկայացնելու, նորմատիվներ, անուններ, ինչ աշխատանքներ, դրանք բոլորը կապված քանի որ կրճատումներ լինելու են, ես ինչքան ակնկալում եմ` դրանք հանձնաժողովի կողմից աշխատանքները տարվել են, կրճատումները վերաբերելու են բոլոր բնագավառներին»:

Ըստ ՀԾԿՀ որոշման` օպտիմալացվելու է «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակազմը. ընկերության շուրջ 1000 աշխատակիցներ կզրկվեն աշխատանքից։ Հրանտ Թադևոսյանի խոսքով` հիմնականում հսկիչներին են կրճատելու. - «Ենթադրում ենք, որ 50 տոկոսով հսկիչները կրճատվելու են: Դա վերաբերելու է ֆինանսական դիսցիպլինային, հավաքագրումներին և գազի ծավալի հաշվեգրմանը»:

Գազի գնի թանկացման հայտը «Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացրել էր ապրիլի մեկին։ Հատկանշական է, որ դրանից ընդամենը մեկ օր առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմել էր «Գազպրոմ» ընկերության ղեկավարությանը՝ Հայաստան մատակարարվող գազի գինը իջեցնելու վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նպատակով։ Պատասխան նամակում նշվել է, որ «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը հարցը պահում է իր ուշադրության ներքո, և դրա վերաբերյալ քննարկումները կլինեն կառավարությունների մակարդակով։

XS
SM
MD
LG