Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից, որտեղ քննվում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը, դուրս եկավ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Նա լրագրողների հարցերին չպատասխանեց:
Իսկ փաստաբան Հրանտ Անանյանը հաստատեց, որ Մանուկյանին ձերբակալելու որոշում է եղել Ազգային անվտանգության ծառայության կողմից, որն այս գործով վարույթն իրականացնող մարմինն է:
Նաև նշեց, որ Աբրահամ Մանուկյանը հերքել է հնարավոր ընտրակաշառք բաժանելու պրոցեսներին իր մասնակցությունը, իրենք վիճարկել են ձերբակալության օրինականության հարցը, և նախկին պատգամավորին կալանավորելու միջնորդության քննարկումը հետաձգվել է: Դատական նիստը կշարունակվի վաղը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության ժամանակ նրա փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Ռոբերտ Պապոյանին:
Իսկ Աբրահամ Մանուկյանի անունը հիշատակվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդության մեջ, որը ներկայացրել էր Ազգային ժողով Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու համար:
Մասնավորապես՝ դատախազն իր միջնորդությունում նշել է, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված «Երևանշին» ընկերությունում խուզարկության ընթացքում են հայտնաբերել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից 2017թ. խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր:
«Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը, ով մեղադրվում է Վերմիշյանին 5000 դոլար կաշառք տալու մեջ, ցուցմունք է տվել այն մասին, որ Ծառուկյանը 2017-ին իրեն առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9000 ձայն: Այդ պայմանավորվածության համաձայն, Սեդրակ Առուստամյանից և Աբրահամ Մանուկյանից ստացել է 10 հազար անվանական արժեքով թղթադրամներ, որոնք պետք է բաժանվեին ընտրողներին: