Որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրի ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը: Այս մասին ասել է Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մենակաբանելով Թուրքիայում նախագահական մակարդակով Հայոց ցեղասպանության հարցով քննարկումը:
«Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և դրանց զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն և իրենից ներկայացնում են ատելության խոսքի դրսևորումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի պահպանման և ամրապնդման վրա», - ասել է ԱԳՆ խոնակը:
Նաղդալյանը նշել է, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ, դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն: Դա է վկայում Թուրքիայի բազմաթիվ հայտարարությունները և գործողությունները՝ այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
Աննա Նաղդալյանը հավելել է՝ մեզ և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման և դրա հիման վրա ներկայումս ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար:
«Ժխտողականությունը ապագա չունի, անկախ՝ ով և ինչպես կփաթեթավորի այն։ Որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրի ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը», - ասել է Նաղդալյանը։
Թուրքիայում քննարկումից հետո նախագահականի հաղորդակցության բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ և նշել, որ նախագահ Էրդողանի համոզմամբ, «պատմական դեպքերի վրա թշնամության սերմեր են ցանվում, որոնք սակայն չեն ծլելու արդարության հողի մեջ»։