Վրաստանի հատուկ ծառայությունները ուկրաինացի գործընկերների աջակցությամբ նախորդ շաբաթավերջին կարողացել են կանխել թբիլիսցի ընդդիմադիր լրագրող Գեորգի Գաբունիայի դեմ մահափորձը։ Երկուշաբթի երեկոյան այս մասին հայտարարեց Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր հեռուստաալիքի՝ «Մտավարի Արխիի» ղեկավար Նիկա Գվարամիան՝ նշելով, որ իր ունեցած տեղեկություններով` արդեն իսկ հստակեցվել է նաև մահափորձի պատվիրատուների շրջանակը։
«Վրաստանի հակաահաբեկչական ծառայությունը Թբիլիսիում ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացի, Ինգուշեթիայում ծնված ոմն Վասամբեգ Բոկովին։ Իմ տեղեկություններով` նրան մի շարք մեղադրանքներ են առաջադրվել։ Առանցքայինը, սակայն, լրագրող Գեորգի Գաբունիայի սպանության նախապատրաստությունն է։ Այս տեղեկությունը վրաց իրավապահներին փոխանցել են ուկրաինացի գործընկերները։ Իմ ունեցած տեղեկություններով` Գաբունիայի սպանության [փորձի] պատվիրատուն [Չեչնիայի ղեկավար] Ռամզան Կադիրովն էր», - հայտարարում էր Գվարամիան։
Հիշեցնենք, որ լրագրող Գեորգի Գաբունիան Վրաստանի սահմաններից դուրս հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2019-ի ամռանը իր հեղինակային ծրագրի ընթացքում ուղիղ եթերում հայհոյախառն մի ուղերձ հղեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այդ միջադեպից մի քանի օր անց Կադիրովը խստորեն քննադատել էր Գաբունիային՝ պահանջեով, որպեսզի Վրաստանի իշխանությունները պաշտոնապես ներողություն խնդրեն Մոսկվայից և քրեական գործ հարուցեն լրագրողի դեմ։ Նիկա Գվարամիայի կարծիքով` Գաբունիային սպանելու մտադրությունը Կադիրովի մոտ ծագել է հենց այդ ուղերձից հետո։
Իշխող «Վրացական երազանքի» ղեկավար անդամների համոզմամբ` Գաբունիայի դեմ ծրագրվող մահափորձը նախևառաջ ընտրություններից հաշված ամիսներ առաջ Վրաստանում իրադրությունն ապակայունացնելու նպատակ ուներ։
«Քրեական այդ գործողությունների իրական նպատակը երկրում իրադրության ապակայունացումն էր, ոչ միայն կոնկրետ ինչ-որ մի քաղաքացու վնաս պատճառելը։ Այդ մահափորձը կարող էր անգամ ներքին բախումներ, ներքաղաքական լուրջ ապակայունացում առաջացնել։ Ռուսաստանը նման առիթը երբեք բաց չէր թողնի։ Կարծում եմ, որ Վրաստանի պետանվտանգության ծառայությունը բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմ է ցուցաբերել՝ կանխելով մահափորձը», - հայտարարում էր Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին։
Վրաստանի պետանվտանգության ծառայությունը, սակայն, հաստատելով Ռուսաստանի քաղաքացի Վասամբեգ Բոկովի ձերբակալության փաստը, երեքշաբթի երեկոյան դրությամբ զերծ էր մնում հավելյալ մանրամասներ հաղորդելուց` կոչ անելով շահագրգիռ կողմերին «չհրապարակայնացնել նախաքննության գաղտնիք պարունակող որևէ տեղեկություն՝ հանցագործության ամբողջական բացահայտումը չտապալելու համար»։