Մատչելիության հղումներ

Վեց ամիս` համաճարակի հետ. ինչ է արդեն հայտնի, և ինչ դեռ չգիտենք


Ռուսաստան - Կորոնավիրուսով վարակվածը մոսկովյան հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, հունիս, 2020թ.
Ռուսաստան - Կորոնավիրուսով վարակվածը մոսկովյան հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, հունիս, 2020թ.

Անցած տարեվերջին, երբ Չինաստանում արձանագրվեց նոր կորոնավիրուսի առաջին դեպքը, համաճարակաբաններից շատերը սկսեցին կանխատեսումներ անել դրա ընթացքի մասին, բժիշկներն առաջարկեցին բուժման սխեմաներ, ոմանք նույնիսկ պնդեցին, թե մի քանի ամսից ամեն ինչ կավարտվի: Մասնագետների մի խումբ, սակայն, առաջին իսկ օրից պնդում է` մարդկությունը մտել է մութ անտառ, որտեղ որևէ մեկը դեռ չի եղել, և հնարավոր է, որ այս դեպքում գործեն խաղի կանոններ, որոնց որևէ մեկը դեռ ծանոթ չէ:

Անցած ամիսները ցույց տվեցին, որ վերջիններս չէին սխալվել. 21-րդ դարում` տեխնոլոգիական աննախադեպ նվաճումներից հետո, մարդկությունը ստիպված է հիմա քայլ առ քայլ բացահայտել նոր վարակի առանձնահատկությունները` հարյուր հազարավոր մահերի ու տնտեսական աննախադեպ կորուստների գնով:

Եվ այսպես, ի՞նչ է պարզվել նոր կորոնավիրուսի մասին` անցած կես տարվա ընթացքում:

Նախ` այն շատ վարակիչ է և կարող է փոխանցվել ոչ միայն հազի կամ փռշտոցի միջոցով, այլև` խոսելիս, երգելիս ու ծիծաղելիս: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ վարակված մարդիկ այդ ժամանակ արտաշնչում են վիրուսի միկրոմասնիկներ, որոնք կարող են օդում մնալ մինչև 14 րոպե և անգամ տեղաշարժվել մի քանի մետր: Հենց դա է պատճառը, որ հիմա գիտնականները, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ են անում դիմակ կրել հասարակական վայրերում, հատակապես` այն տարածքներում, որտեղ հնարավոր չէ պահպանել առնվազն մեկ մետր հեռավորություն:

Երկրորդ` նոր վիրուսը գործում է անկախատեսելի ու մոլորեցնող մարտավարությամբ. միևնույն տարիքի, նույն ազգության ու սեռի ներկայացուցիչներից մեկին տապալում է գետնին, մյուսի վրա ընդհանրապես որևէ ազդեցություն չի թողնում: Ընդ որում, այսօր արդեն հստակ է, որ ասիմպտոմ` վարակն առանց ախտանշանների տանող մարդիկ հատուկենտ չեն. Չինաստանում, ըստ կառավարության, ապրիլին արձանագրված դեպքերի 60 տոկոսում վարակակիրը որևէ գանգատ ու հիվանդության նշան չի ունեցել, համաճարակի առաջին օջախներից մեկում` Diamond Princess զբոսանավում, ասիմպտոմ էին եղել վարակակիրների 72 տոկոսը: Ավելի ուշ Սինգապուրում կատարված զանգվածային թեստավորումն ապացուցել էր` արտաքուստ առողջ այդ մարդիկ, այդուամենայնիվ, տարածում են վիրուսը և անկախ իրենց կամքից` վարակում մյուսներին:

Վերջին ամիսներին հերքվել է նաև պնդումը, թե սիմպտոմ չունեցող վարակակիրները փոխանցում են կորոնավիրուսի, այսպես ասած, թեթև տարբերակը: Բազմաթիվ են դեպքերը, երբ նույն ընտանիքի անդամներից մեկը նույնիսկ ջերմություն չի ունեցել, մյուսը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Թե ինչու` դեռ հստակ չէ:

Մասնագետները խոստովանում են, որ դեռևս չգիտեն` ինչպես է COVID-19-ը ազդում օրգանիզմի վրա: Սկզբում մեծ մասը վստահ էր, որ այն սեզոնային գրիպի նման ախտահարում է հիմնականում շնչառական օրգանները: Հիմա, սակայն, հստակ է` ծանր դեպքերում վարակն ազդում է ուղեղի, սրտի, երիկամների ու մարսողական համակարգի վրա, համատարած են նաև հաղորդումները արյան անոթների խցանման մասին: «Նյու Յորքում` համաճարակի բռնկումից հետո, կտրուկ ավելացավ սրտի և գլխուղեղի կաթվածների թիվը», - «Ռոյթերզ»-ին պատմել է տեղի հիվանդանոցներից մեկի փոխտնօրեն, նեյրովիրաբուժության պրոֆեսոր Ջեյ Մոկկոն, ընդգծելով` սա բոլորովին նոր հիվանդություն է, որի մասին դեռ որևէ մեկը որևէ բան չգիտի: - «Մենք տեսել ենք կորոնավիրուսով վարակված երիտասարդների, որոնք հիվանդանոցում են հայտնվել սրտի կաթվածով, և փաստացի որևէ այլ ախտանիշ ու գանգատ չեն ունեցել»:

Առայժմ հստակ չէ նաև` արդյոք մեկ անգամ վարակվելով հնարավոր է իմունիտետ ձեռք բերել այս վարակի դեմ, և եթե այո` որքան երկար է այն պահպանվում: «Վարակի տարածումից անցել է ընդամենը կես տարի, որևէ մեկը դեռ որևէ բան չի կարող կանխորոշել», - ասում է բրիտանացի գիտնական, բժշկագիտության պրոֆեսոր Փոլ Հանթերը, հավելելով. - «Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ որոշ ժամանակ անց դուք կրկին չեք վարակվելու»:

Համաճարակի դեմ տևական հաղթանակը, ըստ փորձագետների, հնարավոր է միայն արդյունավետ ու անվնաս պատվաստանյութ գտնելու դեպքում: Դրա համար, սակայն, ամիսներ, եթե ոչ տարիներ պետք կգան: Մինչ այդ, գիտնականները խոստովանում են` այս պահին կարող են միայն երեք լուծում առաջարկել` դիմակ կրել հանրային վայրերում, պահել սոցիալական հեռավորություն և հաճախ ախտահանել ձեռքերը:

XS
SM
MD
LG