Մատչելիության հղումներ

Ամերիկացի Ուիլանը Ռուսաստանում դատապարտվեց 16 տարվա ազատազրկման


Մոսկվայի քաղաքային դատարանի վճռով ԱՄՆ ծովային հետևակի նախկին զինծառայող Փոլ Ուիլանը լրտեսության մեղադրանքով դատապարտվել է 16 տարվա ազատազրկման։

Ուիլանը և Միացյալ Նահանգները կտրականապես հերքում են մեղադրանքը։

Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Սալիվանը դատավարությունը «ծաղր» է անվանել։ «Այն ամենից, ինչ լսեցի, հիասթափված եմ, ընկճված և վրդովված, նրան դատապարտել են` որևէ ապացույց չներկայացնելով, ես այս գործին եմ հետևում հունվարից` որպես դեսպան այստեղ հավատարմագրվելու առաջին իսկ օրվանից, սա ծաղր է, Ամերիկայի քաղաքացուն 16 տարի են տալիս և չեն ներկայացնում որևէ ապացույց»,- ասել է Ռուսաստանի Դաշնությունում Միացյալ Նահանգների դեսպանը։

Դատական նիստն անցել է դռնփակ ռեժիմով։ Դա պատճառաբանվել է երկու հանգամանքով, նախ, ըստ Ռուսաստանի իրավապահների, դատական գործին կցված են պետական գաղտնիք հանդիսացող փաստաթղթեր, բացի այդ, դատարանը հաշվի է առել կորոնավիրուսի համավարակի վտանգը։

50-ամյա Ուիլանն ամերիկյանից զատ, ունի նաև Բրիտանիայի, Կանադայի և Իռլանդիայի քաղաքացիություն։

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության գործակալները նրան ձերբակալել են 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվայի «Մետրոպոլ» հյուրանոցի համարում։ Դատավարությունն այս տարվա մարտին է սկսվել։ Ավարտելով ծառայությունը բանակում` Ուիլանը տարբեր ընկերություններում անվտանգության համակարգում է աշխատել, որոշ ժամանակ ծառայել է ոստիկանությունում, զբաղվել է նաև ավտոպահեստամասերի վաճառքով։

Ուիլանը մի քանի անգամ է այցելել Ռուսաստան, փորձել է սովորել ռուսերեն, «ВКонтакте» սոցիալական ցանցում ունեցել է մոտ յոթ տասնյակ ծանոթներ։ Ռուսաստանցի իրավապահները պնդում են, որ Վելանի մոտ հայտնաբերել են հիշողության կրիչ, որում եղել են պետական գաղտնիք համարվող տեղեկություններ։

Ըստ Ուիլանի ազգականների, 2018-ին նա մեկնել է Մոսկվա «Մետրոպոլ» հյուրանոցում իր նախկին ծառայակցի հարսանիքին մասնակցելու համար։ Ռուսները պնդում են, որ Ուիլանից առգրավված հիշողության կրիչում ի շարս այլ նյութերի, իբրև թե եղել է անվտանգության ծառայության աշխատակիցների ցուցակ։ Մայիսի 25-ին դատախազը 18 տարվա պատժաչափ է պահանջել։

Այսօր՝ դատավճռի ընթերցումից առաջ, Միացյալ Նահանգները վերստին Ռուսաստանին կոչ է արել արդարացնել Ուիլանին և քննադատել է նրա նկատմամբ «ամոթալի վերաբերմունքը»։ Անցած ամիսներին Ուիլանը գանգատվել է բանտի ծառայողների վերաբերմունքից` ասելով, որ իր նկատմամբ խտրական և բիրտ գործողություններ են կիրառում։

Ուիլանը հերքում է մեղադրանքը, նա պնդում է, թե ռուսներն իրեն ծուղակն են գցել, իսկ գործն ամբողջությամբ սարքել են։

Նրա խոսքով, իր ռուս ծանոթներից մեկից ստացել է համակարգչի հիշողության սարք՝ պստիկ կրիչ, որում պետք է լինեին արձակուրդի ժամանակ արված լուսանկարներ։

Ամերիկացի դիվանագետներն ասել են, որ Ուիլանի դատավճիռն էլ ավելի կբարդացնի ռուս-ամերիկյան առանց այն էլ լարված հարաբերությունները։

Ռուսաստանցի պետական մեղադրողների պնդմամբ, Փոլ Ուիլանն ամերիկյան ռազմական հետախուզության ծառայող է և ունի առնվազն գնդապետի կոչում։ Մինչդեռ, ըստ ամերիկյան կողմի, նա ընդամենը պաշտոնաթող սերժանտ է։

Դատարանի որոշմամբ, նա պատիժը պետք է կրի խիստ հսկողության ռեժիմի բանտում, սակայն առայժմ չի հաղորդվում, թե կոնկրետ որ քրեակատարողական հիմնարկում։ «Ես բողոքարկելու եմ դատավճիռը։ Սա քաղաքական դատավարություն է և քաղաքական դատավճիռ»,- ասել է Փոլ Ուիլանը։

Արդյո՞ք հնարավոր կլինի նրան փոխանակել ամերիկյան բանտում պահվող որևէ ռուսաստանցի բանտարկյալի հետ։ Ուիլանի փաստաբան Վլադիմիր Ժերեբենկովն ասել է, թե այդ մասին հնարավոր կլինի խոսել տասն օր անց, երբ դատավճիռն ի պաշտոնե կմտնի ուժի մեջ։

Դեսպան Սալիվանն ասել է, թե Վաշինգտոնը ցանկանում է ոչ թե փոխանակել, այլ արդարություն ապահովել Ուիլանի համար։

XS
SM
MD
LG