Ռուսաստանը անցանկալի անձ (persona non grata) է հռչակել երկու չեխ դիվանագետի և մինչև հունիսի 17-ը ժամանակ տվել երկիրը լքելու համար: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը, ուր ավելի վաղ կանչվել էր Չեխիայի դեսպան Վիտեզսլավ Պիվոնկան:
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում տեղի ունեցած հանդիպումից հետո դեսպանը հաստատել է, որ պաշտոնական Մոսկվան վտարում է դիվանագետներին, որոնց անունները, սակայն, առայժմ չեն հրապարակվել:
Այս իրադարձությունը հաջորդում է Չեխիայի իշխանությունների կողմից ռուսաստանցի դիվանագետների վտարմանը: Պաշտոնական Պրահան պնդում է, որ նրանցից մեկը կանխամտածված մոլորեցրել է չեխական հատուկ ծառայություններին՝ ստահոդ տեղեկություններ տրամադրելով երկրորդ դիվանագետի մասին, թե իբր վերջինս պլանավորել է թունավորել Պրահայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներին:
Երկու երկրների հարաբերությունների լարվածության պատճառներից մեկն էլ Պրահայում տեղադրված խորհրդային մարշալ Իվան Կոնևի արձանի ապամոնտաժումն էր: