Չեխիայի մայրաքաղաք Պրահայի 6-րդ վարչական շրջանի ղեկավար Օնդրեյ Կոլարն ասել է, թե ինքը և իր աշխատակազմի ևս երկու պաշտոնյաներ գտնվում են ոստիկանության հատուկ պաշտպանության տակ, քանի որ, ըստ հետախուզության տվյալների, դարձել են ռուսական հատուկ ծառայությունների թիրախը:
Կոլարը պնդում է, որ ռուսական գաղտնի ծառայությունների գործակալները ստացել են իրեն և իր երկու աշխատողներին «վերացնելու հրահանգ», քանի որ համարձակվել են Պրահայում Ռուսաստանի դեսպանատանը հարող տարածքն անվանել` ի պատիվ Մոսկվայում դավադրաբար սպանված ընդդիմադիր Բորիս Նեմցովի:
Բացի այդ, Պրահայում ապամոնտաժել են խորհրդային մարշալ Իվան Կոնևի հուշարձանը: Այդ երկու փաստը զայրացրել է ռուսներին:
Վարչապետ Անդրեյ Բաբիշն ասել է, որ եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա դա բացարձակապես անընդունելի հանգամանք է:
«Չեխիան ինքնիշխան երկիր է, որևէ օտար պետություն չունի այդ երկրում ինչ-ինչ գաղտնի գործողություն իրականացնելու իրավունք»,- ասել է Չեխիայի վարչապետը:
Չեխական մամուլը հայտնել է, թե ստույգ տեղեկությունների համաձայն, «Ռուսաստանի գաղտնի ծառայության գործակալը վերջերս այցելել է Պրահա, նրա պայուսակում եղել է «ռիցին» տեսակի թույն, որով նա մտադիր էր իրականացնել պատժիչ գործողությունը»:
Այդ գործակալի անունը և գործողության մանրամասները մամուլը չի հայտնել:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը «ոմանց հիվանդ երևակայության արդյունք» է որակել չեխական մամուլում հրապարակված տեղեկությունը և ընդգծել է, որ «նման հրապարակումները կարող են ծանր հարված հասցնել ռուս-չեխական հարաբերություններին»: