Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզմունք է հայտնել, թե երկիրը «վստահորեն» և «նվազագույն կորուստներով» դուրս է գալիս «կորոնավիրուսային իրավիճակից»` ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ, Պուտինի կարծիքով, «ժողովրդի շահերի փոխարեն առաջնային է խմբային, կուսակցական շահը»։ Այս մասին Պուտինը խոսել է «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Կրեմլի ղեկավարը հավաստիացրել է, որ Ռուսաստանի նախարարները և մարզերի ղեկավարը աշխատում են «ինչպես մեկ թիմ», իսկ ԱՄՆ-ում ամեն ինչ այլ է: Ռուսաստանը կորոնավիրուսի վարակակիրների թվով աշխարհում երրորդն է, իսկ Միացյալ Նահանգները՝ առաջինը:
Վերջին շաբաթներին երկու երկրներում նոր դեպքերի թվի աճը հարաբերական կայուն է՝ օրական նոր դեպքերի թիվը ԱՄՆ-ում 25 հազար է, իսկ Ռուսաստանում՝ 8-9 հազար, մինչդեռ ԱՄՆ-ի բնակչությունը գրեթե կրկնակի մեծ է Ռուսաստանի բնակչության թվից: Համաճարակային իրավիճակը երկրում բարելավվելու մասին Ռուսաստանի իշխանությունները սկսել են հայտարարել վերջին օրերին՝ Պուտինի պաշտոնավարման ժամկետները զրոյացնելու հարցով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաշեմին: