«Սահմանադրական փոփոխություններին կողմ է Ռուսաստանի քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Երկրում այսօր տոն է` Ռուսաստանի անկախության օրը: Եվ այսօր մարտի վերջից մեկուսացած նախագահը մասնակցել է մեծ միջոցառման, նույնիսկ հանդիպել է քաղաքացիների հետ, ողջունել է նրանց`առանց դիմակի ու ձեռնոցի:
Պուտինը այսօր Պոկլոննայա Գորա զբոսայգում ոսկե մեդալներ է հանձնել աշխատանքի հերոսներին: Իր խոսքում նա ասել է, որ ռուսաստանցիների մեծամասնությունը հարգում է հայրենիքի պաշտպաններին և աշխատավորներին, հարգում է սեփական երկրի պատմությունն ու մշակույթը, ավանդույթները, նախնիների հիշատակը, հարգում է ծնողներին և ընտանիքը: Նրա խոսքով, անբեկանելի է նաև, որ ռուսաստանցիների մեծամասնությունը հարգում է Ռուսաստանի սահմանների անխախտելիությունը:
«Սրանք այն հիմքերն են, որոնք որոշում են մեր ժողովրդի բնույթն ու ճակատագիրը, երկրի զարգացումը և' այսօր, և' ապագայում: Ուստի օրինաչափ է, որ այդքան հաճախ առաջարկներ են հնչել այդ հիմնարար, առանցքային սկզբունքները Ռուսաստանի սահմանադրության մեջ ներառելու վերաբերյալ», - ասել է Պուտինը և հավելել. – «Համոզված եմ, որ նման դիրքորոշումը կիսում և սատարում է մեր քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը»:
Հուլիսի 1-ին Ռուսաստանում պետք է կայանա սահմանադրական բարեփոխումների համաժողովրդական քվեարկությունը: Առաջարկվող փոփոխությունները երկու հարյուրից ավելի են: Սակայն հիմնական փոփոխությունը գործող նախագահի պաշտոնավարած ժամկետների զրոյացումն է, ինչը թույլ կտա Պուտինին Ռուսաստանի նախագահ ընտրվել և' 2024-ին, և' 2030-ին:
Երկրի դաշնային հեռուստաընկերությունները ակտիվորեն գովազդում են փոփոխությունների փաթեթը` կոչ անելով ռուսաստանցիներին մասնակցել հանրաքվեին և կողմ քվեարկել: Սակայն գովազդվում են այն փոփոխությունները, որոնց մասին այսօր խոսել է Պուտինը, և երբեք չի հիշատակվում Պուտինի ժամկետները զրոյացնող դրույթը:
Հունիսի 24-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներում և իհարկե Մոսկվայի Կարմիր հրապարակում անցնելու է Հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը, որին հրավիրված են այլ երկրների ղեկավարներ: Մեկ տասնյակից ավելի պետությունների առաջնորդներ անդեն հայտնել են, որ ընդունել են հրավերը: Նրանց թվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միաժամանակ, թեև Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրում կայունացել է, ըստ պաշտոնական տվյալների, վարակի մոտ 9 հազար նոր դեպք է հաստատվում օրական, 150-200 մարդ մահանում է:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հերթական անգամ կոչ է արել մայրաքաղաքի բնակիչներին չմասնակցել բազմամարդ միջոցառումներին, անգամ հունիսի 24-ին կայանալիք զորահանդեսին: «Այն կարելի է դիտել հեռուստատեսությամբ», - ասել է Սոբյանինը:
Ընդդիմադիրները իշխանությունների այս տարօրինակ պահվածքը բողոքի զանգվածային հավաքներ թույլ չտալու տրամաբանությամբ: Այն դեպքում, երբ միայն զորահանդեսին մասնակցելու են մի քանի հազար զինվորականներ, այդ թվում Հայաստանից: