«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն:
Փաստաբանների հաղորդումը վերաբերում է դեռ 1979 թվականին Ծառուկյանի և մի քանի անձանց վերաբերյալ դատավճիռը հրապարակայնացնելուն, կարծում են, որ խախտվել են Ծառուկյանի իրավունքները:
1979 թվականին կայացված դատավճռով Գագիկ Ծառուկյանը մեղավոր է ճանաչվել խմբակային բռնաբարության ու գողության կատարման համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: Թե արդյոք Ծառուկյանը կրել է խորհրդային դատարանի նշանակած պատիժը, թե՝ ոչ, հայտնի չէ։ Խորհրդային դատարանի որոշման մեջ ասված է, որ որոշումը վերջնական է ու բողոքարկման ենթակա չէ, սակայն դատավճռից շուրջ 22 տարի անց` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ` 2001թ. ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից դատավճիռը բեկանվել է, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը` «կատարված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով», և նա արդարացվել է: Ըստ վճռի` «սպառված են լրացուցիչ ապացույցներ հավաքելու բոլոր հնարավորությունները, հատկապես հաշվի առնելով նաև այն, որ դեպքից շուրջ 22 տարի է անցել»: