Մատչելիության հղումներ

«Կորոնավիրուսի դեպքերը կրկին թույլ և նախնական կայունացման ցուցանիշներ են ցույց տալիս». վարչապետ


«Կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում կրկին թույլ և նախնական կայունացման ցուցանիշներ են ցույց տալիս», - այսօր պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, վերջնականորեն չենք կարող արձանագրել, որ մեզ մոտ իրավիճակը կայունացել է, բայց այդպիսի առաջին նախանշանները կան: Իհարկե, կայունացումը տեղի է ունենում բավական բարձր նշաձողի վրա», - ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ կառավարության գործադրած ջանքերի շնորհիվ «այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար»:

«Մենք, ըստ էության, տեսնում ենք, որ հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրը ամեն օրվա հետ գնալով ավելի փոքրանում է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նշեց, որ կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման գործիքը շարունակում է մնալ հակահամաճարակային կանոնների պահպանումը: «Հիմա ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը կրում է դիմակ և պահպանում է հակահամաճարակային կանոնները, բայց դեռևս մենք ցանկալի արդյունք չունենք: Այսօր օրվա միայն առաջին կեսին Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչները հանրապետության ողջ տարածքում 15:00-ի դրությամբ 1800 քաղաքացու տուգանել են դիմակ չկրելու կանոնները չպահպանելու համար», - հավելեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ այսօրվա հիմնական մարտահրավերները շարունակում են մնալ հուղարկավորությունների պարետատան ցուցումներից դուրս կատարելը, ինչպես նաև «ընդհատակյա հարսանիքները»:

«Ես ուզում եմ նաև տեղական ինքնակառավարման մարմիններին կոչ անել, որ մինչև հոգեհանգստյան և հուղարկավորությունները իրենք իրենց համայնքներում կատարեն բացատրական աշխատանք», - նշեց կառավարության ղեկավարը:

Հիշեցնենք՝ այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 428 նոր դեպք, ապաքինվել է 775 մարդ, մահացել՝ 10-ը: Այսպիսով Հայաստանում մարտի 1-ից ի վեր գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 14 հազար 103 դեպք, մահացել է 227 մարդ, առողջացել՝ 5226-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG