Մատչելիության հղումներ

Նյու Յորքում ավարտին է մոտենում 100 օր շարունակված լոքդաունը


Ուղիղ 100 օր տևած լոքդաունից հետո կորոնավիրուսի համաճարակի ամենածանր հարվածն իր վրա ընդունած համաշխարհային մեգապոլիսը՝ Նյու Յորքը, սկսում է վերագործարկել տնտեսությունը։

Այսօրվանից քաղաքում կարող են աշխատանքը վերսկսել արդյունաբերության և շինարարության ոլորտները, մեծածախ և մանրածախ առևտուրը։ Ընդհանուր առմամբ, այսօր Նյու Յորքում եռամսյա դադարից հետո իրենց աշխատատեղերը կվերադառնան շուրջ 400 հազար մարդ։

Նահանգային իշխանությունների պնդմամբ, կարանտինային միջոցառումների թուլացումը հնարավոր դարձավ միայն կորոնավիրուսի համաճարակի հաղթահարմանն ուղղված հետևողական քայլերի շնորհիվ։

«Մենք արեցինք անհնարինը», - Twitter-ում գրել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն։ - «Մենք ավելի շատ թեստավորում ենք անում, քան որևէ այլ նահանգ։ Մեկ շնչին բաժին ընկնող թեստավորումների քանակով Նյու Յորք նահանգը առաջ է անցել աշխարհի բոլոր պետություններից։ Երեկ Նյու Յորք նահանգում 60 հազար մարդ է թեստավորվել։ Այդ թեստերի պատասխաններից դրական են եղել միայն 791-ը։ Դա նվազագույն ցուցանիշն է մարտի 16-ից ի վեր և կազմում է արված թեստերի մոտ մեկ տոկոսը»։

Կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնն այժմ Լատինական Ամերիկայում է։ Բրազիլիայում վարակակիրների թիվը մոտենում է 700 հազարին, մահացածների թիվը, ըստ Reuters-ի, գերազանցել է 37 հազարը։ Այս անմխիթար վիճակագրության ֆոնին Բրազիլիայի առողջապահության նախարարությունը դադարեցրել է վարակակիրների և մահացածների ամբողջական վիճակագրության հրապարակումը։ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն իր ենթականերին հրահանգել է հրապարակել միայն նախորդող 24 ժամերին արված դրական և բացասական թեստերի հարաբերակցությունը և նույն ժամանակահատվածում մահացածների թիվը։

Լատինամերիկյան մեկ այլ պետության՝ Չիլիի իշխանությունները ևս վերանայել են կորոնավիրուսից մահացածներին վերաբերող վիճակագրությունը, ինչի արդյունքում պարզվել է, որ կորանավիրուսից մոտ 700 մահվան դեպք չէր հաշվառվել։ Որպես հետևանք Չիլիում Covid-19-ից մահացածների թիվը հատել է 2000-ի շեմը։

Արևմտյան Եվրոպայում իրադրությունն աստիճանաբար կայունանում է։ Եվրամիության մի շարք պետություններում, ինչպես օրինակ Հունաստանում և Չեխիայում, կարանտինային սահմանափակումները շարունակում են թուլացվել։

Հունվարին Եվրամիությունը լքած Մեծ Բրիտանիայի կառավարությունը ևս քննարկում է սահմանափակումների հետագա թուլացման հնարավորությունը։ Խոսքը, մասնավորաբար, հարսանիքների անցկացման և բացօթյա ռեստորանների աշխատանքի վրա դրված արգելքի վերացման մասին է։ Դրա հետ մեկտեղ այսօրվանից ուժի մեջ է մտել բրիտանական կառավարության մեկ այլ որոշում, որի համաձայն երկիր մուտք գործող յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի 14-օրյա ինքնամեկուսացման։ Լոնդոնի «Սթենսթեդ» օդանավակայան ժամանող ուղևորները սակայն նշում են, որ այս որոշումն այնքան էլ լավ մտածված չէ։

«Խնդիրը հետևյալն է․ ինչպե՞ս եմ ես այստեղից հասարակական տրանսպորտով տուն հասնելու։ Եթե ես վարակակիր եմ, ինչպե՞ս են իշխանությունները վերահսկելու, որ ես որևէ մեկին չվարակեմ», - Reuters-ի հետ զրույցում տարակուսում էր արտերկրից վերադարձած Լոնդոնի բնակիչը։

Հայաստանին սահմանակից պետություններից իրադրությունը բավական մտահոգիչ է Ադրբեջանում: Կիրակի օրն այստեղ կորոնավիրուսի 314 նոր դեպք է հաստատվել, չորս մարդ մահացել է։ Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի խոշոր քաղաքներում ավարտվեց հանգստյան օրերին հայտարարված պարետային ժամը։ Դրա ընթացքում Բաքվի և մի շարք այլ քաղաքների բնակիչները իրավունք չունեին տանից դուրս գալ։ Կարանտինային ռեժիմի խախտման փորձեր սակայն եղել էին։ Համացանցում նախօրեին մի տեսանյութ հայտնվեց, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանները փորձում բերման ենթարկել փողոց դուրս եկած մի տղամարդու։ Նրա հարևաններին սակայն ոստիկանների գործողությունները ակնհայտորեն դուր չէին եկել, և շենքի բնակիչները սկսել էին աղբով լի տոպրակներով ռմբակոծել իրավապահներին։

Եթե Ադրբեջանը խստացնում է կարանտինային միջոցառումները, ապա Ռուսաստանի իշխանությունները որոշել են սկսել սահմանափակումների աստիճանական թուլացման գործընթաց։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն այսօր հայտարարել է, որ հունիսի 9-ից դադարելու է գործել էլեկտրոնային անցագրերի համակարգը, որոնց առկայությունն էր միայն հնարավորություն տալիս քաղաքի բնակիչներին լքել իրենց բնակարանները։ Հունիսի 16-ից աշխատանքը կվերսկսեն բացօթյա սրճարանները, թանգարանները, գրադարանները, ատամնաբուժական կլինիկաները և կենդանաբանական այգին։ Հունիսի 23-ից կվերաբացվեն փակ տարածքներում գործող սրճարաններն ու ռեստորանները, աշխատանքը կվերսկսեն ֆիթնես ակումբները և լողավազանները, նորից կգործարկվեն Մոսկվայի բոլոր մանկապարտեզները։ Նշեմ, որ վերջին մեկ ամսում Մոսկվայում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերը կրճատվել են ավելի քան երկու անգամ։ Եթե մայիսի 12-ին Ռուսաստանում շուրջ 5400 նոր վարակակիր էր հայտնաբերվել, ապա այսօր դրանց թիվը 2000 է կազմել։

XS
SM
MD
LG