Մատչելիության հղումներ

Ցույցեր Բրազիլիայում՝ ընդդեմ և ի աջակցություն նախագահի


Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսանարուն հանդիպում է աջակիցների հետ, մայիս, 2020թ.
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսանարուն հանդիպում է աջակիցների հետ, մայիս, 2020թ.

Բրազիլիայում կիրակի օրը տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ ընդդեմ և ի աջակցություն երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի:

Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել «Ընդդեմ ռասիզմի և ֆաշիզմի», «Կառավարության ոչնչացնող քաղաքականությունը ահաբեկչություն է» գրությամբ պաստառներով:

Նախագահ Բոլսոնարուի աջակիցները, իրենց հերթին, պահանջում են չեղարկել հակահամաճարակային սահմանափակումները, որոնց անձամբ դեմ է նաև երկրի առաջնորդը, ով անցած շաբաթներին բազմիցս մասնակցել է այդ պահանջով ակցիաներին:

Բրազիլիայի ղեկավարը մինչ օրս հրաժարվում է ընդունել կորոնավիրուսի համաճարակի վտանգը՝ պնդելով, որ «սովորական հարբուխի» նման այդ վարակի պատճառով չարժե վտանգել տնտեսությունը: Այս հայտարարությունների ֆոնին մի քանի շաբաթվա ընթացքում Բրազիլիան դարձավ կորոնավիրուսով վարակվածների թվով՝ 685 հազար 427, աշխարհում երկրորդ երկիրը և երրորդը զոհերի թվով՝ մինչ օրս հարավամերիկյան այդ երկրում համաճարակը խլել է 37 հազար 312 մարդու կյանք:

XS
SM
MD
LG