Պարետատունը կուսումնասիրի կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանյաց հանդեսի հարցը, և եթե արտակարգ դրության ռեժիմի խախտում արձանագրվի, ապա խախտողները պատասխանատվություն կկրեն: Այս մասին այսօր «Ազատությանը» հայտնեցին փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։
«Հրապարակ» օրաթերթի երեկ հրապարակած տեղեկության համաձայն, կայացել է գեներալ-մայոր Արտակ Դավթյանի որդու հարսանյաց հանդեսը՝ պաշտպանության նախարարության կենտրոնական մասնաշենքից ոչ հեռու գտնվող Գլխավոր շտաբի ներկայիս պետի շքեղ առանձնատանը, որին ներկա են եղել նաև ռազմական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչներ. նրանց սպասարկող պաշտպանության նախարարության պետհամարանիշներով ավտոմեքենաները կայանված էին Արտակ Դավթյանի առանձնատան մոտ։
Ինքը՝ գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ըստ էության, չի հերքել, որ կորոնավիրուսի պայմաններում որդու հարսանյաց հանդեսն է կազմակերպել, «Արմենպրես»-ին ասելով. «Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»:
Ուշագրավ է, որ փաստացի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանի զինված ուժերի ղեկավարը որոշել է որդու հարսանյաց հանդեսն անցկացնել, երբ Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից սկսած գրեթե ամեն օր հորդորում են քաղաքացիներին զերծ մնալ զանգվածային միջոցառումներից։ Ամեն օր երկրում կորոնավիրուսով վարակվում են հարյուրները, մահերի քանակը գերազանցել է երկու հարյուրը։ Բնութագրելով իրավիճակ՝ Փաշինյանը շաբաթ օրը հայտարարեց, թե քայլում ենք դժոխքի միջով, քանի որ արդեն ունենք դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից։
Արտակ Դավթյանը Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ է նշանակվել թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի մայիսի 24-ին, մինչ այդ 5-րդ բանակային զորամիավորման հրամանատարն էր: