Այսօր ավարտվում է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը:
Հանձնաժողովն ստեղծվել էր անցած տարի մայիսի 31-ին, լիազորությունների ժամկետը ևս կես տարով երկարաձգվել էր դեկտեմբերին: Զեկույցը քննիչ հանձնաժողովը կներկայացնի աշնանը:
«Ապրիլյան պատերազմին վերաբերող գաղտնի և ոչ գաղտնի ամբողջ տեղեկատվությունը այս պահին գտնվում է Ազգային ժողովում», - «Ազատության» հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա փոխանցմամբ՝ իրենց ձեռքի տակ հազարավոր էջերի ցուցմունքներ ունեն, հարյուր ժամից ավելի տեսանյութեր, մեկ տարվա ընթացքում ամբողջադրել են այն նյութերը, որոնք կկարողանան լույս սփռել քառօրյա պատերազմի հանգամանքների վրա:
«Երեք հիմնական հարցերի պատասխան պետք է մենք կարողանանք տանք՝ մինչ Ապրիլյան պատերազմը մեր անվտանգության համակարգը պատրա՞ստ էր նման գործողություններին կանխարգելելու, երկրորդը՝ բուն պատերազմի ընթացքում մենք ամբողջությամբ կարողացա՞նք ճիշտ օգտագործենք մեր Զինված ուժերի հնարավորությունները, և այն կասկածները, որ առաջնագծի մեր զինվորները մնացել են մենակ, կամ պետությունը լիարժեք չի կատարել իր հիմնական կառավարման խնդիրները՝ էդ հարցերի բոլոր պատասխանները մենք կտանք եզրակացության մեջ, և վերջնափուլում՝ հակառակորդը ինչո՞ւ սկսեց և ինչպե՞ս ավարտվեց Ապրիլյան պատերազմը, այսինքն՝ բանակցային գործընթացը, դրա մեջ բավականին հետաքրքիր նրբերանգներ կան», - նշեց Քոչարյանը:
Այս մեկ տարվա ընթացքում, ըստ հանձնաժողովի նախագահի, հիմնականում հարցաքննել են բոլոր կարևոր անձանց՝ նախկին նախագահ, վարչապետ, արտգործնախարար, բացի 2016-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովից. - «Եվ այդ մեկի բացակայությունը արդեն այդ մեկի խղճին է մնում»:
Հարցին՝ «արդյոք այն, որ Խաչատուրովը չեկավ, դրանից զեկույցը շա՞տ կտուժի», Քոչարյանն արձագանքեց. - «Քիչ: Որովհետև Խաչատուրովի գալը պետք էր առաջին հերթին Խաչատուրովին, որովհետև ինքն է եղել համար մեկ զինվորական պաշտոնյան, և Խաչատուրովի չգալով՝ ինքը արհամարհեց իր կառավարման տարիները, որովհետև իր ենթակաները, ովքեր անհրաժեշտ են եղել գալ, իրենք եկել են և աշխատել են մեզ հետ սիրով, ընդ որում՝ անկեղծ: Չգալը խոսում է, որ ինչ-որ բան էն չի: Այդ ինչ-որ բանի մասն է, որը որ հիմա ես չեմ հնչեցնի, և դա արդեն այլ ուսումնասիրության խնդիր է»:
«Հենց դա՞ պիտի ուսումնասիրեն իրավապահները», - այս հարցին էլ հանձնաժողովի նախագահը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ այո: Իրավապահները, կամ չգիտեմ... Բնականաբար, քննիչ հանձնաժողովը իր լիազորությունների և հնարավորությունների ամբողջ շրջանակը սպառել է»:
«Նաև մեր եզրակացության մեջ մենք առաջարկ ենք անելու, որ մեր կանոնակարգ օրենքում փոփոխություններ լինեն այն առումով, որ նմանատիպ քննիչ հանձնաժողովների աշխատանքները, սա առաջինը չի, ոչ էլ վերջինն է լինելու, չմասնակցելու հնարավորություն չունենան, եթե մենք հրավիրում ենք, դա պետք է ունենա հետևանք: Եվ շատ համոզված եմ, որ գիտեր, թե ինչ հարցեր ենք իրեն տալու: Այ էստեղ է խնդիրը: Ոչ թե ինքը չեկավ, իրեն չտրվեց ինչ-որ ձև այդ հնարավորությունը գալու: Այ պետք է ճշտել՝ իր կամքո՞վ ինքը չեկավ, թե՞ ինչ-որ հանգամանքներ ստիպեցին, որպեսզի ինքը չգա: Եվ էստեղ խնդիր ունենք: Եվ վաղը, մյուս օրը մեր բարձր զինվորական պաշտոններ զբաղեցնողների ամբողջ CV-ն, էդ ամբողջը պետք է շատ լուրջ բանով անցնի: Նման պաշտոններ զբաղեցնողները, օրինակ՝ Միքայել Հարությունյանը լքեց Հայաստանի սահմանները և գտնվում է, ուրեմն, Ռուսաստանի Դաշնությունում, ամբողջ կենսագրությունը պետք է լինի անբիծ, սկսած՝ քանի քաղաքացիություն ունեն, նման պաշտոններ զբաղեցնողները պետք է ունենան մեկ քաղաքացիություն՝ դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն է», - շեշտեց Անդրանիկ Քոչարյանը:
Վերջնական զեկույցի մի մեծ հատված հնարավոր է գաղտնի լինի, սակայն այն, ըստ Քոչարյանի, կօգնի Զինված ուժերին ավելի պատրաստված լինել Ադրբեջանի կողմից հնարավոր նոր հարձակումներին. - «Գաղտնի մասը դա կլինի ուղեցույց դրանից օգտվող բոլոր պաշտոնյաներին, որպեսզի ապագայում նմանատիպ սխալներ երբևիցե չկրկնվեն: Եվ մեր Զինված ուժերը միայն այս մեր աշխատանքից պետք է շահած դուրս գա, ավելի ուժեղացած և պատրաստ լինի նմանատիպ ցանկացած ավանտյուրաները կանխելուն»:
Հանձնաժողովի նախագահը չբացառեց, որ իրենց զեկույցում իրավապահները քննելու թեմա կունենան: «Չեմ բացառում, որ մեր զեկույցի մեջ կլինեն պահեր, որտեղ նաև, արդեն հանձնաժողովի լիազորություններից դուրս, այլ մարմիններ ուսումնասիրելու խնդիր ունենալու են: Ես դա կարող եմ ասել վստահաբար: Ես տեսնում եմ էդպիսի ոչ թե հնարավորություն, [այլ] անհրաժեշտություն», - հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը: