Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում «մայդանցիներ» չեն լինի, կարծիք հայտնելով, թե բելառուսական ընդդիմության շարքերում «ոչ Զելենսկիներ, ոչ էլ Փաշինյաններ չկան»:
Լուկաշենկոն այս խոսքերը հնչեցրել է երկրի Պետական անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Բելառուսում չմարող բողոքի ակցիաների ֆոնին:
«Մենք միանշանակ գիտենք նպատակները, որոնք հետապնդում են այստեղ որոշ քամի փչողներ։ Այդ նպատակները մեզ հայտնի են՝ մայդանիկ կազմակերպել նախագահական ընտրություններին ընդառաջ և ընտրությունների օրը։ Ուզում եմ այս հանդիպմանը ձեզ և բոլորին նախազգուշացնել՝ մայդաններ Բելառուսում չեն լինի», - «ԲելՏԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Լուկաշենկոն, ով առաջիկա օգոստոսին պատրաստվում է նախագահ վերընտրվել արդեն վեցերորդ ժամկետով:
«Հարևան երկրի թերթին», որը գրել էր, թե Բելառուսում ի հայտ են եկել «նոր Փաշինյաններ և նոր Զելենսկիներ», Լուկաշենկոն հակադարձել է, թե բելառուսցի ընդդիմադիրներից և ոչ մեկին չի կարելի համեմատել Փաշինյանի և Զելենսկու հետ: