Մատչելիության հղումներ

Ալինա Նիկողոսյան. Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, արխիվ

«Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել»,- վրացական լրավամիջոցներին տված իր մեկնաբանության մեջ նշել է Հայաստան առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Թբիլիսիում, հիշեցնենք, «ոչ դիվանագիտական» էին որակել նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանի քայլերի մասին: Չժխտելով, որ Վրաստանում սահմանափակումներն ավելի լավ են իրականացվում, Թորոսյանը միաժամանակ ասել էր, թե Վրաստանի հակահամաճարակային համակարգը էականորեն զիջում է Հայաստանին:

Ալինա Նիկողոսյանը, մասնավորաբար, նշել է. «Մենք բարձր ենք գնահատում սահմաններ չճանաչող այս մարտահրավերին դիմագրավելու գործում վրաց գործընկերների հետ ունեցած սերտ համագործակցությունը: Մեր հարաբերություններում գերիշխում է համագործակցության ոգին, և որևէ կարիք չկա վերջինիս արհեստական մրցակցության տարրեր հաղորդել։ Հենց այդ տրամաբանությամբ ենք կառուցել և շարունակելու ենք զարգացնել մեր ոլորտային փոխգործակցությունը»:

Ցավալով, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնման և քաղաքական շահարկման տեղիք են տվել, մամուլի քարտուղարը նկատել է, որ բոլոր երկրները ունեն իրենց ազգային մակարդակով ներդրված համակարգեր և համավարակին դիմագրավելու ազգային մարտավարություններ, որոնց գերնպատակն է հաշվի առնելով յուրաքանչյուր իրավիճակի առանձնահատկությունները` առավելագույնս արդյունավետորեն հասցեագրել առկա բոլոր խնդիրները:

XS
SM
MD
LG