Մայիսի 18-ից՝ հանրային տրանսպորտի գործարկումից հետո, ուղևորափոխադրում իրականացնող 81 տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Այս մասին այսօր հայտարարեց Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը։
«34-ը` տաքսի ավտոմեքենաների նկատմամբ, 32-ը` երթուղային տաքսիների նկատմամբ, 15-ը` երթուղային ավտոբուսների և տրոլեյբուսների նկատմամբ, Մետրոպոլիտենի նկատմամբ` զրո, չի կազմվել»,- հայտնեց նա:
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում վերագործարկված հանրային տրանսպորտը արդեն հինգ օր է` նոր կանոններով է աշխատում։ Բացի տրոլեյբուսներից ու մետրոյից, մյուս տրանսպորտային միջոցներում կանգնած ուղևորների փոխադրումն արգելվում է։ Ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակին, ընդ որում արգելվում է հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը: Ուղևորը պետք է կրի ձեռնոց և դիմակ։ Դրանք չկրելու դեպքում քաղաքացին չի կարող երթևեկել։ Ձեռքերն ախտահանելու համար էլ մեքենաներում տեղադրված են ախտահանիչ նյութեր։
Վարորդները ևս պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ ու ձեռնոցներ, պարտադիր է նրանց ջերմաչափումը օրական առնվազն երկու անգամ։ Ջերմող վարորդը չի կարող դուրս գալ երթուղի։ Պարտադիր է նաև տրանսպորտային միջոցների խորքային ախտահանումը։ Եթե հանրային տրանսպորտի վարորդները չեն պահպանում պարետատան սահմանած կանոնները, ապա նրանց գործատուն կարող է տուգանվել 100-300 հազար դրամով, իսկ եթե կանոնները խախտում է ուղևորը, ապա տուգանքը 10 հազար դրամ է, տեղեկացրեց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը.- «Վարորդներին կամ ուղևորին տուգանելը նպատակ չէ, այլ դա հանդիսանում է կանխարգելիչ գործողության մի մասը: Եվ խախտումները հայտնաբերելու դեպքում տեսչական մարմնի կողմից տրվում են պարտադիր կատարման ցուցումներ, երթուղին կարող է դադարեցվել, մինչև որոշման պահանջը չի իրականացվում, և խախտումը հայտնաբերելու դեպքում, այո, կարող է երթուղին դադարեցվել»:
Էդգար Պետրոսյանը հավելեց՝ եթե վարորդի կողմից ոստիկանության պահանջը չկատարվի, ապա վարորդը պատասխանատվության է ենթարկվում՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, որի դեպքում հնարավոր է իրականացնել վարչական ձերբակալում։ Նման դեպք դեռ չի արձանագրվել։ Քաղաքացիներից ոմանք հանրային տրանսպորտից օգտվելու նոր կարգից գոհ են, ոմանք՝ դժգոհ, սակայն ասում էին, թե պահանջը կատարում են։ Իսկ վարորդներն էլ մտահոգված են՝ ուղևորները քիչ են:
«Հարմարվում ենք, եթե պետք է, պետք է հարմարվենք: Պաշտպանում եմ էլի և՛ ինքս ինձ, և՛ իմ տան անդամներին, և՛ ինձ շրջապատող մարդկանց: Ես ամբողջ աշխատանքի ընթացքում դիմակով եմ»,- ասում է քաղաքացիներից մեկը: Մյուսն էլ նշում է.- «Ոչ մեկն էլ չի հարմարվում, բայց ինչի՞ հարմարվեն: Մարդկանց շունչը կտրվում է, շնչահեղձ են լինում, որ ի՞նչ հարմարվեն: Ոչ մի հիվանդություն էլ չկա, ոչ մի: Պարտադրում են, հաճույքով չենք դնում»:
Երրորդ քաղաքացու խոսքով.- «Եթե պետք է, ուրեմն պիտի տենց էլ վերաբերվենք: Գտնում եմ ճիշտ»:
Վարորդներից մեկն էլ նկատում է.- «Ի՞նչ հարմարվենք, որ դատարկ ման ենք գալիս ամբողջ օրը, մարդ չկա քաղաքում: Պարտադիր ամեն օր էլ հագնում ենք (դիմակ, ձեռնոց): Ամեն ռեյսին մի 10 հոգի մարդ լինի կամ չէ»: