Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի բժիշկների 30 տոկոսը ցուցում է ստացել կորոնավիրուսով հիվանդների մահվան պատճառը որոշելու հարցում


Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդներին բուժող բժիշկների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ երեք բժիշկներից մեկը ցուցում է ստացել, թե մահվան ինչ դեպք արձանագրի:

Հարցումներին մասնակցած բժիշկների ավելի քան 35 տոկոսը «այո» է պատասխանել COVID-19-ով վարակված մարդկանց մահվան դեպքերը կանոնակարգելու նպատակով ցուցումներ ստանալու հարցին: Նրանց արձանագրած կոդերը ցույց են տալիս հիվանդի մահվան պատճառները:

Սմարթֆոնի հավելվածով մայիսի 1-15-ն անցկացված հարցմանը մասնակցել է ռուսաստանցի 509 բժիշկ: Հարցումները նպատակ ունեին ևս մեկ անգամ ստուգել Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերը նվազեցնելու կասկածները:

Հարցվածների 39 տոկոսն ասել է, որ անհատական պաշտպանության պարագաների մատակարարումը իրենց բուժհաստատություներին կատարվում է ոչ կանոնավոր, 48 տոկոսն ասել է, որ ստիպված են եղել այդ պարագաները կրկնակի անգամ օգտագործել:

Հարցվածների երեք քառորդից ավելին՝ 77 տոկոսն, ասել է, որ կորոնավիրուսով վարակվել է կամ գտնում է վարակվելու բարձր ռիսկայնության գոտում:

Չհավատալով պաշտոնական տվյալներին, ռուսաստանցի բժիշկները կազմում են կորոնավիրուսից մահացած իրենց գործընկերների ցուցակը, ըստ որի Ռուսաստանում արդեն 250 բժիշկ է մահացել: Կասկածներ կան, որ որոշ բժիշկներ, բուժաշխատողներ ինքնասպանություն են գործել աշխատանքային ծանր պայմանների հետևանքով ընկնելով խորը սթրեսի մեջ:

Հարցվածերի 53 տոկոսն ասել է, որ Ռուսաստանի նախագահի խոստացած հավելավճարները չեն ստացել: Վլադիմիր Պուտինը անցած ապրիլին լրացուցիչ վարձատրություն էր խոստացել շտապօգնության մեքենաների վարորդներին, բուժաշխատողներին և բժիշկներին, սակայն ամբողջ Ռուսաստանով մեկ նրանք բողոքում են, որ պարգևավճարները չեն ստանում, մի քանիսն էլ սոցցանցերում տեսաելույթներ են տեղադրել՝ Պուտինից պահանջելով կատարել խոստումը:

Այսօրվա տվյալներով՝ կորոնավիրուսով ամենաշատ վարակված երկրների առաջին եռյակում Ռուսաստանն ու Բրազիլիան հաջորդում են Միացյալ Նահանգներին: Թե՛ Բրազիլիայում, թե՛ Ռուսաստանում վարակվածների թիվը անցել է 330 հազարը: Պաշտոնական տվյալներով՝ այսօրվա դրությամբ կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 3 հազար 388 մարդ:

Բրազիլիայում կորոնավիրուսի բռնկման ֆոնին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հարավային Ամերիկան հայտարարել է համավարակի նոր էպիկենտրոն: Հարավամերիկյան երկրների շարքում ամենաշատ նոր դեպքերը գրանցվում են Բրազիլիայում, որի նախագահ Ժաիր Բոլսոնարուն տևական ժամանակ անտեսում էր կորոնավիրուսի վտանգները՝ կարանտինային որևէ միջոցառում չձեռնարկելով վիրուսի տարածման դեմ:

Մեկ օրում Բրազիլիայում COVID-19 վիրուսի գրեթե 21 հազար նոր դեպք է հաստատվել, ընդհանուր վարակակիրների թիվն անցել է 330 հազարը: Վերջին օրերին, յուրաքանչյուր օր Բրազիլիայում 1000-ից ավելի մարդ է մահացել, նույնը և անցած 24 ժամվա ընթացքում և հիմա ընդհանուր առմամբ Բրազիլիայում 21 հազարից ավելի մահվան դեպք է արձանագրվել՝ վեցերորդ վատթարագույն ցուցանիշն ամբողջ աշխարհում:

«Ակնհայտ է, որ մտահոգություններ առաջացնող այդ երկրների թվում ամենատուժած երկիրն այս փուլում Բրազիլիան է», - ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրեն Մայք Ռայանը:

Հարավամերիկյան մեկ ուրիշ երկրում՝ Մեքսիկայում, մայիսի 22-ին այդ երկրի վիճակագրությունում մահվան ռեկորդային դեպքեր են գրանցվել՝ 479, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը ևս բարձր են, մեկ օրում գրեթե երեք հազար նոր դեպք:

Առողջապահության հարցերով մասնագետները կասկածում են, որ Մեքսիկայում և Բրազիլիայում կորոնավիրուսի դեպքերը կարող են ավելին լինել, քանի որ թեստերը քիչ են անցկացվում:

Կորոնավիրուսի ամենաշատ վարակի ու մահվան դեպքերը Միացյալ Նահանգներում են, մյուս երկրների համեմատ տարբերությունը շատ մեծ է՝ ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցել է մեկ միլիոն 600 հազարը, մահվան դեպքերը՝ 97 հազարը:

Միացյալ Նահանգներից վերջին էական նորությունը նախագահ Թրամփի հորդորն է նահանգապետերին՝ հավատացյալների համար բացել աղոթքի վայրերը՝ եկեղեցիները, սինագոգները, մզկիթները: Աղոթատեղերը փակվել էին կորոնավիրուսի դեմ պայքարում հայտարարված կարանտինի պայմաններում, երբ նաև արգելվում էր շատ մարդկանց միաժամանակյա ներկայությունը նույն վայրում:

Հիմա ԱՄՆ-ում սահմանափակումները թուլացվել են, և մայիսի 22-ին Սպիտակ տանը կայացած ասուլիսում Թրամփն ասել է, որ եկեղեցիները, սինագոգները, մզկիթները կարևոր նշանակություն ունեն և պետք է վերաբացվեն որքան հնարավոր է շուտ:

XS
SM
MD
LG