Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը մակագրվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական կայքէջից։
Փաստաբաններ Արամ Վարդևանյանն ու Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ընդդեմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումների։
Դատարանը մայիսի 19-ին մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունները գրավով, ինչպես նաև Հայաստանի և Արցախի նախկին վարչապետների անձնական երաշխավորության դիմաց կալանքից ազատ արձակելու մասին։
Հենց վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ է երկրորդ նախագահը կալանքի տակ անցած տարվա հունիսի 25-ից։ 11 ամիս առաջ դատավորը որոշում էր կայացրել բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումները Քոչարյանին կալանքից ազատ արձակելու, ինչպես նաև այս քրեական գործը կասեցնելու մասին։