Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 322 նոր դեպք, ապաքինվել է 293 մարդ, մահացել՝ ևս 4-ը


Վերջին մեկ օրում կորոնավիրուսային վարակի 322 նոր դեպք է գրանցվել, մահվան դեպքերը 4-ն են, բոլորը՝ տղամարդիկ՝ 52, 61, 81 և 82 տարեկան։

Մինչև օրս Covid-19-ից 74 քաղաքացի է մահացել, վարակ ունեցող, բայց այլ հիվանդությունից մահացածները 28-ն են: Աննախադեպ մեծ թվով քաղաքացիներ են թեստավորվել՝ 1832 հոգի, ապաքինվածները 293-ն են։ Բուժհաստատություններում այս պահին բուժում է ստանում 2 հազար 952 պացիենտ։

Այսօր հանրային խորհրդի հեռավար նիստին մասնակցող Առողջապահության նախարարն ասել է՝ ինտենսիվ թերապիայի 202 մահճակալներից ազատ են 50-ը, սակայն դրանք կարող են շատ արագ զբաղեցվել:

«Կարող է հենց էսօր միանգամից 50-ը զբաղվի, բայց կազատվի շատ դանդաղ, որովհետև այն քաղաքացիները, որոնք որ մնում են վերակենդանացման բաժանմունքում և վիճակը կա՛մ մնում է ստաբիլ ծանր, կա՛մ գնում է թեկուզ դանդաղ բարելավման, մոտավորապես 20 օր մնում են ռեանիմացիաներում», - ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանն անդրադարձել է հարցին՝ հնարավո՞ր է Հայաստանը առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության պատճառով ինչ-որ պահից սկսած բուժօգնություն չտրամադրի ծանր, անհույս հիվանդներին:

«Խորը սորտավորման հնարավոր է գնանք, այսինքն օրինակ՝ խորը սորտավորում է նաև պատերազմի ժամանակ արվում, երբ որ այն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք շանս ունեն փրկվելու, և հակառակը: Չի բացառվում, որ նույնիսկ էս տեմպի պահպանման ժամանակ մենք մոտ օրերս դրան գնանք, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ չգնանք, օրինակ՝ նոր մահճակալներ ենք ծավալում և այլն», - պատասխանեց Թորոսյանը:

Ախտանշան չունեցող կամ թեթև նշաններով քաղաքացիներն այսօրվանից սկսած պետք է ինքնամեկուսանան տանը, նրանց հիվանդանոցներում ու հյուրանոցներում այլևս չեն մեկուսացնելու: «Իսկ տնեցինե՞րը», - հետաքրքրվեցին Հանրային խորհրդի անդամները:

«Բա ի՞նչ եք առաջարկում, ի՞նչ անենք էդ մարդկանց, 1000 հոգի ո՞ւր պահենք: Չկա պահելու տեղ, դրա համար ուղարկում ենք տուն: Ավելին ասեմ՝ դրական ախտորոշումով քաղաքացիներին տուն ուղարկելն ավելի անվտանգ է, որովհետև իրենք գիտեն, որ դրական է, և կպաշտպանվեն և տնեցիքին էլ կպաշտպանեն, քան թե մյուս բոլոր քաղաքացիներին, որոնք որ հնարավոր է դրական են, բայց չգիտեն դրա մասին», - արձագանքեց նախարարը:

ինքնամեկուսացման պահանջ է սահմանված վարակակիրների հետ ապրող կամ նրանց հետ շփված կոնտակտավորների համար, արտերկրից ժամանողները նույնպես պետք է 14 օր տնից դուրս չգան։ Կանոնները խախտողներին սպասվում է կամ քրեական պատիժ՝ 700 հազար տուգանքից մինչև 4 տարվա ազատազրկում՝ նայած թե նրանց տնից դուրս գալն ինչ հետևանքներ է առաջացրել, կամ վարչական՝ մինչև 250 հազար դրամ տուգանք։ Առողջապահության նախարարն ասում է՝ տարբեր երկրներ սահմանափակումներն ուժեղացնում կամ թուլացնում են՝ ելնելով վարակի ընթացիկ վիճակից:

«Եթե երկու շաբաթ տոտալ lock down լինի, ոչ այնպես, որ մենք արել են, ես ձեզ կարամ պրակտիկորեն երաշխավորեմ, որ մենք կարող ենք բռնկումների դեմն առնել ամբողջությամբ», - ասաց նա:

Նախարար Թորոսյանը մեկ անգամ էլ ընդգծեց դիմակ կրելու անհրաժեշտությունը՝ այն պաշտպանում է՝ նույնիսկ եթե սխալ ես կրում. - «Հիվանդության տարածման մի օղակը, այսինքն հիմնական ուղղությունը կանխարգելելու համար՝ դա օդակաթիլային եղանակն է: Նաև դա վարքագիծ է դրսևորում՝ մեր ձեռքերը բերնին չհպելու, քթին չհպելու, հակառակը՝ մեր բերանի կամ քթի պարունակությունը արտաքին աշխարհ չսփռելու համար: Հետևաբար, միևնույն է կարևոր է այն կրելը, նույնիսկ եթե դժբախտաբար մեր որոշ քաղաքացիներ այն կրում են բազմակի և ոչ ճիշտ»

Օրական շուրջ 30 հազար բժշկական դիմակ արտադրող «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասը առաջիկայում կընդլայնվի՝ տեղեկացնում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Շուտով գործարանը կհամալրվի ևս մեկ արտադրամասով Պառավաքար գյուղում, որտեղ կլինեն ևս երկու հոսքագծեր, որտեղ ևս այսքան արտադրություն կլինի», - նշեց Չոբանյանը:

Օրեր առաջ «Տավուշ տեքստիլ»-ի մեկ այլ՝ շինարարական ձեռնոցի արտադրամասում կորանվիրուսային վարակի 9 դեպք է գրանցվել։ Սեփականատիրոջ նախաձեռնությամբ թեստավորվել են բոլոր՝ 450 աշխատակիցները, պատասխանին դեռ սպասում են: Մինչև այդ վստահեցնում են՝ կորոնավարակը դիմակի արտադրամասի հետ կապ չունի:

«Որևէ առնչություն չունի դիմակների արտադրամասերի հետ, դրանք գտնվում են արդեն նշել ենք, որ երկու բնակավայրերում՝ Բերդում և Արծվաբերդում, և այս արտադրամասերում պահպանվում են բոլոր կանոնները, ինչպես և պահպանվել են ամբողջ գործարանի տարածքում», - նշեց մարզպետը:

Այստեղ ամեն ելումուտին հակահամաճարակային երկար պրոցեդուրա է նախորդում:

Տավուշի մարզում, ընդհանուր առմամբ, համաճարակային իրավիճակը լարված չէ՝ ընդամենը 59 հոգի է մարզից այս պահին բուժում ստանում: Հուսով են՝ թիվը երկնիշ էլ կմնա։

Կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված անորոշությունը շարունակվում է։ Ըստ առողջապահության նախարարի, համավարակի ավարտը չի նշմարվում, պատվաստանյութի, դեղամիջոցի հարցերն էլ շուտ չեն լուծվի: Արսեն Թորոսյանը չի հուսադրում՝ մի քանի ամսից ավելի լավ չի լինելու:

XS
SM
MD
LG