Կապիկների դեպքում վակցինան աշխատել է
Inovio Pharmaceuticals ամերիկյան բիոտեխնոլոգիական ընկերության գիտնականների իրականացրած երկու փորձարկումները վկայում են, որ COVID-19-ով հիվանդացած և ապաքինված մարդու մոտ պետք է գոյանան հակամարմիններ, որոնք կանխում են կրկնակի վարակումը:
Առայժմ փորձարկումները միայն կապիկների վրա են անցկացվել: Inovio Pharmaceuticals-ը ստեղծել է փորձնական վակցինա:
Առաջին փորձարկման ընթացքում գիտնականները կապիկներին վարակել են կորոնավիրուսով, երբ կենդանիները բուժվել են, նրանց նորից են վարակել, սակայն հիվանդության ախտանշաններ չեն եղել: Երկրորդ փորձարկման ընթացքում գիտնականները կորոնավիրուսով վարակել են 35 կապիկների, որոնցից 25-ին նախապես ներարկել են վակցինայի նախնական տարբերակը:
Այդ 25-ից 8-ի մոտ ընդհանրապես խնդիր չի եղել, 17-ի մոտ հիվանդության թեթև նշաններ են նկատվել, իսկ պատվաստում չստացած բոլոր 10 կապիկները հիվանդացել են:
Պետք է սպասել մեկից 1,5 տարի
Այս արդյունքները հուսադրող են, սակայն Inovio Pharmaceuticals-ի գիտնականներն ընդգծում են, որ այս պահին դեռ չեն կարող հստակ պնդել, որ վակցինան կաշխատի մարդու դեպքում:
Դրա անվտանգությունն ու արդյունավետությունն ապացուցելու համար կպահանջվի մոտ 1-1,5 տարի:
Գիտնականները փորձեր են անցկացրել ոչ միայն կապիկների, այլև մկների և ծովախոզուկների վրա: Կենդանիների պարագայում այդ վակցինան աշխատում է:
ԱՄՆ պարենի և դեղամիջոցների դաշնային գործակալությունը դեռ պետք է հավանություն տա մարդկանց շրջանում վակցինան փորձնական նպատակով կիրառելու համար: Ենթադրվում է, որ այդ փորձարկումները կմեկնարկեն հուլիս-օգոստոսին:
Նախագահ Դոնալդ Թրամփն անցած շաբաթ ասել է, որ կառավարությունը միջոցներ կհատկացնի կորոնավիրուսի դեմ վակցինաներ ստեղծելու համար և հույս է հայտնել, որ դրանք մատչելի կլինեն արդեն մինչև այս տարեվերջ:
Արյան պլազման՝ դեղամիջոցի հիմքում
Դեղամիջոց ստեղծելու ուղղությամբ Նիդերլանդներում է աշխատում գիտնականների միջազգային միավորումը, որի անդամներ են հոլանդացի, ամերիկացի, գերմանացի, բրիտանացի, ֆրանսիացի և շվեյցարացի փորձագետները:
Միավորումը հավաքել է կորոնավիրուսով վարակված և ապաքինված 1500 մարդկանց արյան նմուշները: Նպատակն է ստեղծել կորոնավիրուսի դեմ դեղ նրանց արյան պլազմայից:
Վիրուսը հարուցում է COVID-19 շնչառական հիվանդությունը: Իմունային համակարգը ստեղծում է հակամարմիններ, որոնք պայքարում են վիրուսի դեմ: Տեսականորեն դրանք պետք է պահպանվեն և օրգանիզմին շնորհեն տվյալ վիրուսի դեմ մշտական կամ առնվազն տևական պաշտպանություն:
Արդեն հակամարմիններ պարունակող բուժվածի արյան պլազման կարելի է ներարկել նոր վարակված հիվանդին: Արյան նմուշները հավաքում է Sanquin նիդերլանդական կենտրոնը:
«Այս նյութը հիմա կլինիկական փորձարկումների փուլում է, հուսանք՝ կթևակոխենք արտադրության փուլ: Նյութը կարելի է ստեղծել միայն մարդկանց օգնության շնորհիվ: Դու դա չես կարող արտադրել, հորինել, դրա համար ծայրաստիճան անհրաժեշտ է կամավորների արյան պլազման», - ասել է ընկերության խոսնակ Մերլեյն Վան Հասելտը:
Նիդերլանդներում ապրիլին հրապարակվել են հակամարմինների համազգային ստուգման նախնական արդյունքները, որոնց համաձայն, բնակչության մոտ երեք տոկոսը՝ ավելի քան 550 հազար մարդ, վարակվել է կորոնավիրուսով:
Արյան պլազմայի մեթոդն արդյունավետ կիրառվում է մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ կատաղախտ, ջրծաղիկ և հեպատիտ-B բուժելու համար: