Մատչելիության հղումներ

Pfizer-ը կորոնավիրուսի դեմ միանգամից չորս պատվաստանյութ է փորձարկում


Pfizer լաբորատորիայում հետազոտողն աշխատում է կորոնավիրուսի հավանական պատվաստանյութի վրա, 6-ը մայիսի, 2020թ.
Pfizer լաբորատորիայում հետազոտողն աշխատում է կորոնավիրուսի հավանական պատվաստանյութի վրա, 6-ը մայիսի, 2020թ.

Դեղագործական ոլորտի ամենաառաջատար ընկերություններից մեկը` Pfizer-ը` գերմանական BioNTech-ի հետ, օրերս Միացյալ Նահանգներում սկսեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները:

Ավելի քան 150 տարվա պատմություն ունեցող և այսօր համաշխարհային շուկայի առաջատարներից մեկը համարվող Pfizer-ը միանգամից չորս պատվաստանյութ է փորձարկում: Չորսն էլ մշակվել են ժամանակակից` mRNA մեթոդով, որով գիտնականները ոչ թե, այսպես ասած, վարակում են մարդուն` հիվանդության դեմ հակամարմիններ ստեղծելու համար, այլ` ներարկում նոր վիրուսի գենետիկ կոդերը, որպեսզի օրգանիզմն ինքը ճանաչի «թշնամուն» և պայքարի դրա դեմ: Այս մեթոդը անվնաս է մարդու առողջության համար, բայց` բոլորովին նոր գիտական աշխարհում:

«Մինչ օրս այդ ճանապարհով ստեղծված որևէ պատվաստանյութ չի հաստատվել, և սա կարող է դառնալ առաջինն այդ շարքում», - ասում է Pfizer-ի հետազոտությունների գծով տնօրեն Մայքլ Դոլստենը, հավելելով, - «Մեր բախտը մի քիչ բերեց` մենք դեռ երկու տարի առաջ սկսել էինք այդ տեխնոլոգիայով պատվաստանյութ մշակել գրիպի դեմ, ուստի ունեինք արդեն փորձառություն և կարողացանք շատ կարճ ժամկետում` ընդամենը մի քանի ամսում, ստեղծել նաև կորոնավիրուսի դեմ նյութն ու անցնել կլինիկական փորձարկումների... այսպիսի արագության մասին ամիսներ առաջ ես երազել անգամ չէի կարող»:

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր` լաբորատոր հետազոտությունները բավական հուսադրող արդյունքներ են տվել, և եթե դրանք հաստատվեն նաև կլինիկական փորձարկումների ժամանակ, պատրաստ են անցնել միլիոնների արտադրության:

«Եթե ամեն ինչ ընթանա ըստ մեր ծրագրի, առաջիկա աշնանը արդեն մենք կարող ենք ունենալ տվյալներ` անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութի մասին, ինչից հետո կսկսենք արտադրությունը` նախ մի քանի միլիոն չափաբաժնով, հետո արդեն կբազմապատկենք և այդ ցուցանիշը կհասցնենք հարյուր հազարների, ժամանակի ընթացքում` նաև միլիարդների», - ասել է Pfizer-ի ներկայացուցիչը:

Ամերիկա-գերմանական այս հետազոտությունը միակը չէ. այս պահին, ըստ «Ռոյթեր»-ի, տասնյակ երկրների, այդ թվում` Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի ու Չինաստանի լաբորատորիաներում մշակվում են պատվաստանյութի ավելի քան յոթ տասնյակ տարբերակներ: Չինական CanSino Biologics-ը, օրինակ, հասել է կլինիկական փորձարկումների երկրորդ փուլին, բրիտանական Օքսֆորդում փորձերը սկսել են անցած ամիս, բայց գնում են ավանդական` օրգանիզմը վարակելու ճանապարհով, Ավստրալիայում էլ փորձում են հստակեցնել` ինչպես է ծագել այս վիրուսը և պատվաստանյութը մշակել այդ տեղեկությունների հիման վրա:

Մասնագետները փաստում են` եթե աշխարհով մեկ շարունակվող այս փորձերը հաջողությամբ պսակվեն, Covid-19-ի դեմ պատվաստանյութը շրջանառության մեջ կլինի մինչև այս տարեվերջ, ինչը աննախադեպ զարգացում է իմունիզացիայի պատմության մեջ. մինչ օրս մարդկությանը հայտնի բոլոր պատվաստանյութերի արտադրության համար տարիներ, եթե ոչ` տասնամյակներ են պահանջվել:

XS
SM
MD
LG