Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 335-ով՝ հասնելով 5 հազար 606-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 162-ով և հասել 2 հազար 581-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 45 հազար 822 է:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 64 (տղամարդ), 65 (տղամարդ), 90 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 70-ի, կորոնավիրուսով վարակված ևս 27 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 928 մարդ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր ասուլիսի ժամանակ մանրամասներ փոխանցեց՝ նշելով, մասնավորապես, որ «մեկ օրվա ընթացքում ակտիվ քաղաքացիների թիվը աճել է 170-ով, օրինակ, ի տարբերություն երեկվա, երբ որ մենք ունեինք նվազում 30-ով, քանի որ ավելի շատ քաղաքացի էր դուրս գրվել, քան հայտնաբերվել էր»:
«Եվ մի հետաքրքիր թիվ եմ ուզում ասել, որը նորից հակահամաճարակային տեսանկյունից ռեկորդային է և լավ՝ դա մեկ օրվա ընթացքում կատարված հետազոտությունների թիվն է, որը երբևէ այսքան մեծ չի եղել՝ 1751», - ասաց նախարարը:
«Երեկվա դրությամբ՝ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը 135 է, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը 63 է, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվը 15 է», - նաև փոխանցեց Թորոսյանը:
«Այսինքն, թվերի աճին զուգընթաց, սովորական դեպքերի թվի աճին զուգընթաց, որոնց մեծ մասը, իհարկե, շարունակում են մնալ ասիմպտոմ կամ թեթև դեպքերը, աճում է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը, ինչպես նաև թոքերի օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվը: Եվ սա այն հանգամանքն է, որից մենք միշտ փորձել ենք խուսափել կամ հեռվացնել այդ օրը, որովհետև ինքնին թվերը քաղաքացիների թվի՝ դրական, այդքան վտանգավոր չեն, եթե մենք չունենայինք ծայրահեղ ծանր և ծանր վիճակում քաղաքացիներ», - նշեց նախարարը՝ շեշտելով. - «Եվ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի էնպես չստացվի, որ որևէ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի զրկված լինի բուժման հնարավորությունից ռեանիմացիաներում, մեր վերակենդանացման բաժանմունքներում»:
«Դեռևս մենք այդ ճնշմանը կարողանում ենք դիմանալ, բայց պետք է հավելյալ ջանքեր գործադրենք, որպեսզի էդ ճնշումը չավելանա: Իսկ էդ ջանքերի հիմնական մասը դա մեր բոլորի կողմից կանոնների պահպանումն է՝ դիմակներ կրելուց սկսած, սոցիալական հեռավորությունով վերջացրած, և մնացած ավելի սպեցիֆիկ ոլորտային կանոնները, որոնք սահմանվել են պարետատան կողմից», - հայտարարեց առողջապահության նախարարը: