Մատչելիության հղումներ

Հրաչյա Հակոբյան. Ամենայն հավանականությամբ դատական հայց կներկայացնեմ նաև Միքայել Մինասյանի դեմ


Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի անունը վերջին օրերին կապվեց մաքսանենգ ճանապարհով ծխախոտ տեղափոխելու հետ: Պատգամավորը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում հերքում է` ասելով, որ այդ լուրերը կեղծ են, ինքը որևէ բիզնես չունի, նման տեղեկություններ, ըստ նրա, հանրությանը հայտնի շրջանակներից են գալիս:

Թող մեզ տուգանեն

Իշխանական պատգամավորը համաձայն է` պաշտոնյաները ևս դիմակ-ձեռնոց պետք է կրեն, ինչպես նաև նրանք պետք է հետևեն պարետատան որոշումներին: Ինքը խորհրդարանում ոչ իր աշխատասենյակում ևս դիմակ կրում է: «Ազատության» դիտարկմանը, որ օրինակ` այսօր Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին որոշ պատգամավորներ դիմակով չէին, չի՞ կարծում, որ պատգամավորները ևս պետք է տուգանվեն, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց.- «Եթե կգտնեն, որ մենք պետք է տուգանվենք, դրա համար կա համապատասխան մարմին, թող տուգանեն մեզ, և մենք կվճարենք համապատասխան տուգանքը»:

Ծխախոտի, ադամանդի գործարքներում մասնակցություն չունի

Օգտատերերը հետաքրքրվել էին շրջանառվող լուրերից, որ Հակոբյանը ներգրավված է ադամանդի ու ծխախոտի բիզնեսի մեջ:

«Ադամանդի բիզնեսի հետ կապված` չէի լսել, որ իմ անունը շրջանառվի»,- ասաց Հակոբյանն ու շարունակեց.- «Յուրաքանչյուր բիզնես գործունեություն, որ կկապեն իմ անվան հետ, ես հերքում եմ` դա կլինի օրինական ճանապարհով, թե մաքսանենգ ճանապարհով, ես չունեմ որևէ բիզնես: Այնպես չի, որ չէի կարող ունենալ, քանի որ կան որոշ պատգամավորներ, որ իրենց բիզնեսը հավատարմագրման են հանձնել, բայց ես դա էլ չունեմ: Բոլոր լուրերը, որ կլինեն իմ անվան հետ կապված, որ ես բիզնես ունեմ, մաքսանենգ ճանապարհով ինչ-որ բաներ եմ արտահանում կամ ներմուծում, դրանք մտացածին են, սուտ են: Ինձ համար, մեր քաղաքացիների համար պարզ է, թե ինչի համար է այդ սուտը տարածվում»:

Մեկ այլ օգտատեր նշել էր, որ նաև լուրեր են տարածվում, որ ծխախոտը մաքսանենգ ճանապարհով արտահանվել է, իսկ իր անվան հետ կապված հետքերը վերացվել են:

«Երբ ասում եմ` բոլոր հետքերը վերացված են, իսկ որևէ մեկը տեսե՞լ է հետք, եղե՞լ են այդպիսի հետքեր, եթե եղել են, թող հրապարակեն որևէ հետք: Ո՛չ հետքեր են եղել, ո՛չ նման գործ է եղել երբևէ, պարզապես հորինված պատմություն է, նման բան գոյություն չունի»:

Դատական հայց 4 քաղաքացու դեմ, հավանաբար կավելանա հայց Միքայել Մինասյանի դեմ

Նմանատիպ լուրերի տարածման համար Հրաչյա Հակոբյանը, ինչպես հայտնեց ասուլիսի ժամանակ, դատական հայց է ներկայացրել քաղաքացիներ Նարեկ Սամսոնյանի, Արթուր Դանիելյանի, Գագիկ Համբարյանի և Մարինա Խաչատրյանի դեմ, քանի որ նրանք, ըստ Հակոբյանի, զրպարտանք պարունակող հայտարարություններ են արել: Հավելեց` դատական հայց հավանաբար նաև կլինի Վատիկանում նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի դեմ:

«Այն պահին երբ ես այդ 4 անձի հետ կապված դիմում էի դատարան, Միքայել Մինասյանն իր տեսաուղերձը դեռ չէր հրապարակել, և ես չգիտեի, որ նա ունի իր համոզմունքն` այդ գործի հետ կապված, հետևաբար այդ 4 անձանց կողքին չի նշվել իր անունը, բայց իմ իրավաբանի հետ քննարկել ենք, ուսումնասիրել ենք նրա արած հայտարարությունները նույնպես, ամենայն հավանականութամբ Միքայել Մինասյանի հետ կապված ևս կլինի դատական հայց: Գրեթե համոզված եմ, որ մենք կդիմենք դատարան, որովհետև Միքայել Մինասյանն անում է այն նույն բանը, ինչ այդ 4 հոգու հետ կապված ես դիմել եմ դատարան` զրպարտանքը»:

Հրաչյա Հակոբյանի խոսքով` հանրությունը շատ լավ տեղյակ է, թե ովքեր են նմանատիպ լուրերի հետևում: Ըստ նրա` դա նպատակ ունի վարկաբեկել առաջին հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, իսկ իրեն թիրախավորել են, քանի որ վարչապետի կնոջ եղբայրն է:

«Մի քանի շրջանակներ կան, որոնք շահագրգռված են այսօր ինչ-որ ձևով վարկաբեկել իշխանություններին, վարչապետին և նրա ընտանիքին, այդ շրջանակները հանրությանը հայտնի են, նրանք հսկայական գումարներ են ծախսում: Իսկ ինչո՞ւ հիմա, որովհետև ընդունվել է ապօրինի գույքի բռնագանձման օրենքը»:

Խորհրդարանում հայտնվելը «ԽԾԲ»-ի գործոնով չէ պայմանավորված

Ֆեյսբուքյան մյուս օգտատերը նկատել էր, որ վարչապետի քաղաքական լոզունգներից մեկը եղել է «ոչ խնամի-ծանոթ-բարեկամին», ապա հարցրել, թե ինչո՞ւ է Հակոբյանը հիմա խորհրդարանում` իմանալով, որ վարչապետին «պետք է քլնգեին»:

Ի պատասխան` «Իմ քայլի» պատգամավորը հիշեցրեց` եղել է «Իմ քայլի» ցուցակի վերջից 3-րդ համարում, նախքան այդ էլ «Ելք» դաշինքի ցուցակով է մասնակցել ընտրություններին, և մոտ 10 հազար ընտրող է որոշել, որ պետք է լինի խորհրդարանում:

«Հաջորդ ընտրություններում կլինեմ, թե չէ, ցույց կտա իմ հիմիկվա արած աշխատանքը, այնպես որ խնամի-ծանոթ-բարեկամ գործոնը գրեթե զրոյի է հասցված»,- ասաց նա` հիշեցնելով, որ նախորդ ընտրություններին էլ մոտ 4 հազար քվե է ստացել Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքում, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր, նախքան այդ էլ քաղաքացիական ակտիվ գործունեությամբ է զբաղվել, ապա եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իսկ ինչ վերաբերում է դիտարկմանը, որ այդ ընտրվելու մեջ իր դերն է ունեցել վարչապետի աներորդի լինելոը պարագան, Հակոբյանն արձագանքեց` նկատելով, որ եթե Նիկոլ Փաշինյանի հետ բարեկամական կապեր չունենար, ժամանակին հետապնդման չէր ենթարկվի ու չէր առևանգվի:

Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի եղբորորդու, այլ հարազատի` խորհրդարանում լինելուն, ապա պատգամավորը հիշեցրեց.- «Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո ասաց, որ իր բարեկամի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, այսինքն` եթե մենք բիզնեսներ ունենայինք, փորձեինք մեր բիզնեսներին օգնել այլ ճանապարհով, ապա վստահեցնում եմ ձեզ` շատ ավելի դաժան բան կլիներ, ընդհուպ մինչև քրեական գործ: Բոլոր այն մարդիկ, ովքեր պատգամավոր են, որևէ մեկը չի կարող շահարկել, ասել, որ Նիկոլ Փաշինյանն իր բարեկամին, ընկերոջը դարձրեց պատգամավոր»:

Սամվել Ալեքսանյանի հետ միայն գործնական շփում է եղել

Պատասխանելով մեկ այլ հարցի, թե ճիշտ են լուրերը, թե հանրապետական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն իրեն հովանավորել է, «Իմ քայլի» անդամն ասաց.- «Ճիշտ կլինի հարցն ուղղել Սամվել Ալեքսանյանին կամ նրա օգնական Արմանին, իսկ եթե լուրջ, եթե հարցն ինձ էր ուղղված, ապա ես գոնե թե պետք է իմանայի դրա (հովանավորության) մասին, ես չգիտեմ` ինձ օգնել է, թե չի օգնել, հետևաբար կարող եմ ասել, որ չի օգնել»:

Հակոբյանը տեղեկացրեց` Սամվել Ալեքսանյանին տեսել և ճանաչել է, երբ երկուսն էլ պատգամավոր են եղել, զուտ գործնական շփում է եղել, ոչինչ ավելին:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG