Մատչելիության հղումներ

Փաշինյանն արձագանքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացրած հեռավար ասուլիսում այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ արդյոք գործարք առաջարկե՞լ է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին, ինչպես որ պնդում է Մինասյանը։ Այս հարցի պատասխանը, ըստ Փաշինյանի, պետք է տան իրավապահ մարմինները։

Հիշեցնենք՝ դեռևս մայիսի 2-ին, ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում, հայաստանյան իրավապահներից թաքնվող Միքայել Մինասյանը պնդել էր՝ իբրև թե Նիկոլ Փաշինյանը իր մոտ սուրհանդակ է ուղարկել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, առաջարկելով, որ եթե Մինասյանը որոշակի գումար մուծի և քաղաքականությամբ չզբաղվի, ապա նրա դեմ հարուցված քրեական գործերը կփակեն։ Ըստ Մինասյանի՝ ինքը մերժել է այդ գործարքը։

Այս հայտարարությունից հետո, Փաշինյանին քննադատող նախկին դեսպանը, երեկ տարածած նոր տեսանյութում ընդգծեց՝ վարչապետը չի հերքում գործարքի մասին իր հայտարարությունը, բայց փորձում են իրեն մեղադրել սուտ մատնության մեջ։

«Փորձում են իմ վրա պահել սուտ մատնության հոդվածը: Ժողովուրդ ջան, ես վստահ եմ, որ դուք գիտեք, որ պայմանավորվելու փորձ և փորձեր եղել են ոչ միայն ինձ հետ, այլ բոլորի հետ, և այդ պատմությունը 100-տոկոսանոց ճիշտ է, որովհետև կան մարդիկ, իսկ այդ մարդիկ շատ ավելի շատ են, քան նրանք, որոնք չեն պայմանավորվել, որոնք միանգամից, մեկ օրում դարձան, օրինակի համար, ատելի օլիգարխներից, օրինակի համար, կառուցողական և խոշոր սեփականատերեր», - ասաց Միքայել Մինասյանը:

«Իմ հրապարակային և ոչ հրապարակային հայտարարություններն իրարից չեն տարբերվում, առավել ևս կոռուպցիայի դեմ պայքարի հարցում չեն կարող իմ հրապարակային հայտարարությունները տարբերվել իմ ոչ հրապարակային, իմ աշխատանքային հայտարարություններից: Դա մի հարց է, որ ոչ թե հարցուպատասխանի կոնտեքստում պետք է պարզվի և պարզաբանվի, այլ պետք է պարզաբանվի քրեական գործի և քրեական վարույթի շրջանակներում: Իրավապահ մարմինները դրանով զբաղվում են, և իրավապահ մարմինները թող զբաղվեն և պատասխանեն բոլոր հարցերին», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Արթուր Վանեցյանի միջոցով իրեն գործարք առաջարկելու Միքայել Մինասյանի հայտարարությունից հետո, մայիսի 7-ին, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) կանչվեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որից հետո արդեն Միքայել Մինասյանի տեսանյութի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ հարուցեց՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։ Կատարվում է նախաքննություն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաև Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի մեկ այլ մեղադրանքին, համաձայն որի՝ Փաշինյանի մերձավորները, տվյալ դեպքում վարչապետի եղբորորդին՝ պատգամավոր Սիփան Փաշինյանը և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրը՝ պատգամավոր Հրաչ Հակոբյանը մաքսանենգ ճանապարհով փորձել են Հայաստանից Ռուսաստան արտահանել հայկական ծխախոտ, որը, սակայն, նախատեսված է եղել Աֆղանստան տեղափոխելու համար։ Ըստ Մինասյանի, Ռուսաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները տեղեկացել են այդ մասին և Կրասնոդարի օդակայանում առգրավել են ծխախոտը։

Միքայել Մինասյանը պնդում է, որ ռուսական հատուկ ծառայություններին հայկական ծխախոտով բեռնված ինքնաթիռի մասին տեղյակ են պահել Հայաստանի ԱԱԾ աշխատակիցները, որից հետո Փաշինյանը որոշել է պատժել ԱԱԾ-ում աշխատող բազմաթիվ սպաների՝ ազատելով նրանց աշխատանքից։

«Ազգային անվտանգությունում այսօր ջարդ է, ավելի քան 20 բարձրաստիճան սպա, որոնք չգիտեին, որ իրենք բացի ռեպրեսիաներից նաև պետք է սպասարկեն Նիկոլ Փաշինյանի ընտանեկան բիզնեսները, դիմումները գրում են, և նաև հիմա ենթարկվում են ուրիշ, իհարկե, գործերով քրեական հետապնդումների: Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, անում է «չիստկա», հիմա ԱԱԾ-ում «չիստկա»-ներ են», - ասաց Մինասյանը:

Ի պատասխան այս մեղադրանքների, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իր կնոջ եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը դատարան է դիմել իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման նպատակով, և դատական նիստի ժամանակ ճշմարտությունը կբացահայտվի։ Ամեն դեպքում, Փաշինյանը չհերքեց, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստանից Ռուսաստան ծխախոտ է արտահանվել՝ ընդգծելով սակայն, որ պատասխանատուն արտահանողն է և ոչ թե Հայաստանի մաքսային մարմինները։

«Ինչ վերաբերում է կնոջս եղբոր հետ կապված դրվագին, ես տեղյակ եմ, որ այդտեղ նույնպես դատական հայց է հարուցված՝ Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել, և ուրախ եմ, որ տեղի կունենա հրապարակային դատական պրոցես, և այդ հարցին ոչ թե ես պատասխանելու կարիք և անհրաժեշտություն կունենամ, դատական պրոցեսի ընթացքում բոլորդ հրապարակայնորեն հնարավորություն կունենաք տեսնելու՝ ինչն է ճիշտ և ինչն է սխալ: Այստեղ կա մի նրբություն, որ ես ուզում եմ նշել, այդ ծխախոտի արտահանման պարագայում, որն արդեն այս անձնական հարթությունից դուրս, Հայաստանի մաքսային մարմինները ոչ մի իրավախախտում թույլ չեն տվել և ոչ մի չարաշահում, ոչ մի արտոնյալ իրավիճակ ոչ մեկի համար չեն ստեղծել: Արտահանողներն իրենք են, որ պետք է արտահանեին երրորդ երկիր, և դա փորձել են ապօրինի կերպով վաճառքի հանել մի երկրում, որը չէին կարող անել, և դա արդեն կարծում եմ՝ այդ երկիրի իրավապահ մարմինները պետք է զբաղվեն և բոլոր մեղավորներին պատժեն», - ընդգծեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ մաֆիոզ մտածելակերպը այնքան խորն է արմատավորվել մեզանում, որ հանրությունը նորմալ է գնահատում, որ վարչապետը կարող է փայաբաժին ունենալ ինչ-որ բիզնեսներում։

«Հիմա ինչի՞ են տենց լուրեր գրում՝ «հա, հենց սիգարետը տարան, էս դիմակները ծախեցին», որովհետև դա էնքան նորմալ բան է մեր երկրում՝ «բա ոնց դու վարչապետ ես, բա դու փայ չես մտե՞լ մինչև հիմա», - ասաց Փաշինյանը:

Հավելենք, որ Աննա Հակոբյանի եղբայրը՝ «Իմ քայլը»-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել նաև Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ։ Մինչ այդ Հակոբյանը դատական հայց էր ներկայացրել նույն մեղադրանքների կապակցությամբ 4 այլ քաղաքացիների դեմ։

«Իրականում այս ամենը զրպարտանք է և մտացածին: Ինչո՞ւ է մեր հետ կապվում, որովհետև մենք վարչապետի ընտանիքի անդամներն ենք, նրանք այդ ձևով փորձում են վարչապետի անվան հետ խաղալ», - ասաց Հակոբյանը:

XS
SM
MD
LG