Բրյուսելը հետզհետե կոշտացնում է Թբիլիսիին ուղղված նախազգուշացումները՝ այս անգամ սպառնալով զրկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված ֆինանսական աջակցությունից:
Վրաստանը կարող է զրկվել Եվրամիության ֆինանսական աջակցության զգալի մասից, եթե «Վրացական երազանք»-ի կառավարությունը չիրականացնի ստանձնած պարտավորությունները: Նախօրեին նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրյուս Կուբիլյուսը:
«Խոսքն ավելի քան 500 միլիոն եվրոյի մասին է, որը Եվրամիությունը և միջազգային գործընկերները տրամադրում են Վրաստանին՝ բարեփոխումների, կորոնավիրուսի դեմ պայքարի, ինչպես նաև դրա սոցիալական ու տնտեսական հետևանքները վերացնելու համար», - հայտարարության մեջ շեշտում է ազդեցիկ քաղաքական գործիչը, ով, հիշեցնենք, Լիտվայի նախկին վարչապետն է: Լիտվացի խորհրդարանականը հիշեցնում է, որ մարտին Վրաստանը ստացել է 90 միլիոն եվրո, ապրիլին՝ 183 միլիոն եվրո, նույն ամսվա ընթացքում որոշվել է օգնության ևս մեկ փաթեթ ուղարկել Վրաստան՝ 150 միլիոն եվրոյի չափով:
«Կարևոր է նշել, որ բյուջեի ծախսերի համար նախատեսված օգնության մի մասը կապված է հստակ պայմանների հետ, մասնավորապես օրենքի գերակայության ոլորտում՝ դատական և ընտրական համակարգում բարեփոխումների իրականացման հետ», - գրել է Անդրյուս Կուբիլյուսը՝ հուշելով պաշտոնական Թբիլիսիին, թե ինչպես չխարխլել Եվրամիության և Վրաստանի միջև վստահությունը, առանց որի, ինչպես ընդգծել է Եվրամիության օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, համագործակցելը բարդ կլինի. - «Այդ վստահությունը հնարավոր է ամրապնդել միայն այդ թվում 2020 թվականի մարտի 8-ին երկրի բոլոր քաղաքական ուժերի միջև ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունների և խոստումների իրականացմամբ»:
Խոսքը Թբիլիսիում հավատարմագրված արևմտյան դեսպանների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է, որոնց համաձայն՝ ընդդիմությունը հրաժարվում էր 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման պահանջից` համաձայնելով, որ հոկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններն անցկացվեն թե՛ կուսակցական ցուցակներով և թե՛ մեծամասնական ընտրակարգով: Փոխարենը, Վրաստանի իշխանությունները խոստանում էին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
Շաբաթներ անց, սակայն, բառացիորեն օրեր առաջ, Վրաստանի իշխող ուժը սկսել է կտրականապես հերքել երկրում քաղբանտարկյալների առկայությունը, ինչպես նաև այն, որ պարտավորվել է նրանց ազատ արձակել: Մինչդեռ երկրի միջազգային գործընկերները՝ ամերիկյան, Եվրամիության դեսպանությունները մարտյան բանակցությունների ընթացքում հստակ մտահոգություններ են հնչեցրել հենց այդ հարցով՝ մատնանշելով ճաղերի ետևում գտնվող Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային, պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին, ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության բաժնետեր Գիորգի Ռուրուային: Բացի այդ՝ շարունակվում է քրեական հետապնդումը նաև ընդդիմադիր «Լելո» շարժման առաջնորդ Մամուկա Խազարաձեի նկատմամբ, չեն կարճվել ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժման» ղեկավար անդամներ Գիգա Բոկերիայի և Նիկա Մելիայի դեմ հարուցված քրեական գործերը:
Վրաստանում ներքաղաքական տևական առճակատմանը վերջ դնելուն միտված այս պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում, շատերի կարծիքով, առանցքային դերակատարություն է ունեցել Վաշինգտոնի կոշտ դիրքորոշումը: Մի շարք ամերիկացի կոնգրեսականներ այլևս բաց տեքստով սպառնում էին պատժամիջոցներ կիրառել պաշտոնական Թբիլիսի, այդ թվում՝ իշխող ուժի առաջնորդ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դեմ, ընդդիմադիրների պահանջներն անտեսելու համար: Այնպես որ, Վրաստանում քաջատեղյակ են այդ հարցով միջազգային գործընկերների սկզբունքային դիրքորոշմանը:
Իշխանության ընդդիմախոսների նկատամամբ քրեական հետապնդումների հարցի վերաբերյալ ոչ այնքան հաճելի դիտողություններ, այդ թվում՝ Անդրյուս Կուբիլյուսից, «Վրացական երազանք»-ը ստիպված էր լսել նաև 2019 թվականի դեկտեմբերին Թբիլիսիում տեղի ունեցած Եվրանեսթի և Վրաստանի օրենսդիր մարմնի միջխորհրդարանական երկօրյա նիստի ընթացքում: Բայց այն ժամանակ խոսք անգամ չկար, որ Եվրամիության ներկայացուցիչների դժգոհությունները կարող են անդրադառնալ Բրյուսելից հոսող ֆինանսական օգնության վրա:
Սթափեցնող այդ հայտարարություններն, այդուհանդերձ, ամենևին չեն մտահոգում, օրինակ, էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավային, ով նախօրեին հպարտությամբ հայտնել է, որ միայն վերջին ամիսներին միջազգային գործընկերները Թբիլիսիին խոստացել են մոտ 3,5 միլիարդ դոլարի օգնություն, որին ոչինչ չի սպառնում: «Որևէ մտավախություն չկա, հակառակը՝ այդ օգնությունը հնարավոր է դարձել հենց այն պատճառով, որ տարիներ շարունակ մենք բարեփոխումներ ենք իրականացրել՝ այդ թվում դատական», - հայտարարել է նախարարը:
Եվրաինտեգրման հարցով «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամի ներկայացուցիչ Վանո Չխիկվաձեի խոսքով՝ իսկապես, Վրաստանին հատկացված օգնությունը չի ուշանա, սակայն նա հիշեցրել է Արևելյան գործընկերության ծրագրի հարցում Բրյուսելի որդեգրած նոր քաղաքականությունը. եթե նախկինում Եվրամիությունն առաջ էր մղում «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը, այժմ նկատվում է հակառակ միտումը՝ եթե երկիրը բավարար չափով չի իրականացրել բարեփոխումներ, ապա աջակցությունը, համապատասխանաբար, նվազագույնի կհասցվի, իսկ հետագայում կարող է ընդհանրապես զրկվել օգնությունից: