Մատչելիության հղումներ

ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը հորդորում է սահմանափակումները վերացնելիս հետևել մասնագետների ու բժիշկների խորհուրդներին


Միացյալ Նահանգների Ալերգիաների և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչի
Միացյալ Նահանգների Ալերգիաների և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչի

«Համաճարակի դեմ սահմանափակումների վաղաժամ վերացումը կարող է հանգեցնել նոր տառապանքների ու մահվան դեպքերի», - երեկ զգուշացրել է Միացյալ Նահանգների գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին:

Պատասխանելով կոնգրեսականների հարցերին՝ Սպիտակ տան օպերատիվ շտաբի անդամը պնդել է, որ թեև համաճարակի դեմ ձեռնարկվող քայլերը արդյունավետ են, սակայն դեռ չի հաջողվել իրավիճակն առնել վերահսկողության տակ․ - «Իմ մտահոգությունն այն է, որ եթե մեր նահանգները, քաղաքները փորձեն վերադառնալ բնականոն կյանքի` առանց հետևելու մասնագետների խորհուրդներին, կարող են կանգնել համաճարակի այնպիսի ալիքի առաջ, որը ի վիճակը չեն լինի վերահսկել, ինչը ոչ միայն կհանգեցնի նոր տառապանքների ու զոհերի, որոնցից կարելի էր խուսափել, այլև փաստացի է՛լ ավելի կդանդաղեցնի ու հետ կշպրտի տնտեսության վերականգնումը»:

Վերջին տվյալներով, Ամերիկայում կորոնավիրուսի դեպքերն արդեն անցել են մեկ միլին երեք հարոյւր հազարից, մահացել է ավելի քան 82 հազար մարդ:

Գերտերության առողջապահական, գիտական ու դեղագործական ողջ համակարգը հիմա լծված է կորոնավիրուսի դեմ պայքարի։

«Սակայն, անգամ ամիսներ շարունակվող այդ ջանքերից հետո, մեզ ամեն ինչ չէ, որ հայտնի է այս վարակի մասին», - երեկ ասել է դոկտոր Ֆաուչին՝ փաստելով, որ վերջին զարգացումները կասկածի տակ են դնում պնդումը, թե երեխաները, ավելի հեշտ են հաղթահարում covid19-ը: - «Օրինակ, հենց հիմա կորոնավիրուսով վարակված երեխաներ կան, որոնց մոտ շատ տարօրինակ, բորբոքային սինդրոմ է զարգանում: Կարծում եմ, մենք պետք է ուշադիր լինենք, և վաղաժամ եզրակացություն չանենք, թե երեխաները լիովին պաշտպանված են այս վիրոսի վնասակար հետևանքներից»:

Ավելի վաղ համաճարակից ամենաշատը տուժած նահանգի` Նյու Յորքի ղեկավար Էնդրյու Քուոմոն էր տեղեկացրել, քր նահանգում կորոնավիրուսով վարակված երեք երեխա է մահացել առայժմ անհայտ հիվանդությունից: Երեքի մոտ էլ արձանագրվել էր արյունատար անոթների բորբոքում, ինչի հետևանքով ի հայտ էին եկել սրտանոթային խնդիրներ: Քուոմոն ասել էր, թե բժիշկներն այժմ նման 73 դեպք են ուսումնասիրում:

«Մեր հորդորն է` սահմանափակումները վերացնելիս, դպրոցները վերաբացելիս հետևել մասնագետների ու բժիշկների խորհուրդներին», - երեկ հայտարարել է Ամերիկայի առաջատար համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին:

Մինչ Նահանգներում քննարկում են, թե երբ և ինչպես, Եվրոպայում արդեն փորձարկում են վերադարձը բնականոն կյանքի կորոնավիրուսի պայմաններում: Սոցիալական հեռավորության` առնվազն մեկուկես մետրի պահանջն ու դիմակները պարտադիր են Եվրամիության գրեթե բոլոր երկրներում:

Մյուս սահմանափակումների մասով, սակայն, կան որոշ տարբերություններ: Ֆրանսիան, օրինակ, այս շաբաթվանից թույլատրել է ճանապարհորդել , բայց միայն երկրի տարածքում և տանից մինչև հարյուր կիլոմետր շառավղով: Ավստրիան, մինչդեռ, պատրաստվում է մեկ ամսից վերագործարկել զբոսաշրջության ոլորտը։

Կանցլեր Սեբաստիան Կուրցն այսօր հայտարարել է, որ նախ կբացվի Գերմանիայի հետ սահմանը․ - «Մենք գերմանացի մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք հունիսի 15-ից բացել երկու երկրների միջև սահմանը, քանի դեռ վարակի նվազող դեպքերը տալիս են նման հնարավորություն: Մենք նաև քննարկում ենք հարցը Շվեյցարիայի և Լիխտեյնշետյնի, ինչպես նաև մյուս հարևանների հետ»:

Մինչ այդ Գերմանիան մի քանի օրից` առաջիկա շաբաթվանից արդեն կմեղմի ստուգումները Ֆրանսիայի, Ավստրիայի ու Շվեյցարիայի հետ սահմանին: Հայտարարելով այս մասին` երկրի Ներքին գործերի նախարար Հորսթ Սեհոֆերը նաև որոշ մանրամասներ է հայտնել շենգենյան տարածքում սահմանափակումները վերացնելու ծրագրերից․ - «Մեր նպատակն է հունիսի կեսերից վերականգնել ազատ տեղաշարժը Եվրոպայի տարածքում: Սակայն սրա համար հարկավոր է, որ վիրուսի տարածումը լինի վերահսկողության տակ, ինչի ականատեսն ենք վերջին օրերին: Ժամանակին մենք ամեն օր հազարավոր նոր դեպքեր էինք արձանագրում, այժմ այդ ցուցնաիշը հասել է հարյուրների»:

Գերմանացիները այս շաբաթվանից նաև կարող են հյուրեր ընդունել՝ պայմանով, որ նրանք բոլորը լինեն մեկ ընտանիքից: Բելգիայում, որտեղ արձանագրվել էր մահվան ամենաբարձր ցուցանիշներից մեկը Եվրոպայի տարածքում, իշխանությունները սոցիալական շփումները վերականգնելու նոր բանաձև են առաջարկել․ յուրաքանչյուրն իրավասու է իր շրջապատից` ընկերներից ու հարազատներից չորս հոգու ընտրել ու հանդիպել՝ պայմանով, որ այդ չորսից որևէ մեկը այլոց չի տեսնելու, կողմնակի հանդիպումներ չի ունենալու: Առաջիկա երկուշաբթի սկսկվեն նաև դասերը, սակայն յուրաքանչյուր դասարանում կլինի ոչ ավելի, քան տասը աշակերտ:

Չեխերը այս շաբաթասկզբից կարող են վայելել իրենց սիրելի գարեջուրը՝ առայժմ միայն բացօթյա գարեջրատներում:

Մասնագետները զգուշացնում են՝ քանի դեռ նոր վարակի դեմ պատվաստանյութ կամ արդյունավետ դեղամիջոց չի հայտնաբերվել, այս սահմանափակումները կմնան ուժի մեջ:

Ի դեպ, պատվաստանյութերի մասին։ Ամերիկայի գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին երեկ Կոնգրեսին հաղորդել է, որ այս պահին Միացյալ Նահանգներում առնվազն ութ խոստումնալից նմուշ է փորձարկվում, և առաջիկա աշնանն արդեն հայտնի կդառնա, թե դրանցից որն է արդյունավետ նոր կորոնավիրուսի դեմ:

Ընդհանուր առմամբ, ըստ փորձագետների, աշխարհի տասնյակ երկրներում այս պահին նոր վիրուսի դեմ պատվաստնոյթի մոտ հարյուր տարբերակ է փորձարկվում:

XS
SM
MD
LG