Մատչելիության հղումներ

Կառավարությունը քննարկում է Հայաստանի օդային տարածքն աստիճանաբար բացելու հնարավորությունը


Armenia Airways ավիաընկերության օդանավ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ
Armenia Airways ավիաընկերության օդանավ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Կառավարությունը քննարկում է Հայաստանի օդային տարածքն աստիճանաբար բացելու հնարավորությունը: Այս մասին «Ազատությանը» հայտնեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Կորոնավիրուսով պայմանավորված տարբեր երկրներում կիրառվող սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ՝ ավիափոխադրումներ իրականացնող ընկերություններն արդեն սկսել են տոմսերի վաճառք իրականացնել։

Հունվարից դեպի Հայաստան թռիչքներ իրականացնող իռլանդական բյուջետային Ryanair ընկերությունը պատրաստվում է հուլիսից վերականգնել թռիչքների 40 տոկոսը։ Դեպի Հայաստան թռիչքները նույնպես պլանավորված են։ Այս պահին կարելի է տոմսեր պատվիրել Գերմանիա, Իտալիա, Կիպրոս մեկնելու համար, իսկ Երևանից հունական Սալոնիկ թռիչքները նախատեսված են օգոստոսից։

Հուլիսի 1-ից Ryanair-ը պլանավորում է օրական շուրջ հազար թռիչք իրականացնել՝ հնարավորինս մեծ թվով ուղղություններով, սակայն ոչ սովորականից պակաս հաճախականությամբ։

«Ժամանակն է, որ Եվրոպան կրկին թռչի, այդպիսով կկարողանանք վերամիավորել ընկերներին ու ընտանիքներին, մարդկանց հնարավորություն կտանք վերադառնալ իրենց աշխատանքին, տուրիզմի ոլորտը կվերագործարկվի, ինչի միլիոնավոր աշխատատեղեր կբացի», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Էդլի Ուիլսոնը։

Ուղևորներն օդանավ բարձրանալու համար մի քանի կանոնների պետք է հետևեն՝ օդանակավակայան մուտք գործելիս ջերմաչափվեն, իսկ օդանավում կրեն դիմակներ, ու զուգարան գնալու համար էլ անհրաժեշտ կլինի նախապես թույլտվություն խնդրել։ Եվրոպական միության երկրներ մեկնելիս ուղևորները պետք է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրեն այցելության մասին։

Այս տարի հայկական շուկա մուտք գործած մյուս լոուքոսթեր հունգարական ընկերության՝ Wizz Air-ի կայքում էլ այժմ կարելի է տոմս պատվիրել հունիսին Երևանից Լառնակա, Վիեննա ու Վիլնյուս մեկնելու համար։

Դեպի Հայաստան թռիչքներ իրականացնող մեկ այլ խոշոր ընկերության՝ «Ավստրիական ավիաուղիներ»-ի կայքում ևս հնարավոր է ավիատոմսեր ամրագրել հունիսից իրականացվող թռիչքների համար։

Իսկ մինչ այդ, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կայքում մայիսի 12-ի դրությամբ նախատեսված է միայն մեկ թռիչք՝ դեպի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG