Միացյալ Նահանգներում հրաժարվում են ռուսական արտադրության արհեստական շնչառության բժշկական սարքավորումներից, որոնց միջոցով թթվածին է մղվում կորոնավիրուսով հիվանդների թոքերը: Պատճառը Սանկտ Պետերբուրգում երեկ տեղի ունեցած միջադեպն է, երբ նույնատիպ ապարատների բռնկմանը հաջորդած հրդեհի պատճառով առնվազն հինգ մարդ զոհվեց:
Նյու Յորքի և Նյու Ջերսիի քաղաքային իշխանությունները վերադարձրել են արհեստական շնչառության ռուսական ապարատները:
ԱՄՆ-ի արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության մամուլի խոսնակ Ջանեթ Մոնտեզին ասել է, թե Միացյալ Նահանգները որոշում կընդունի՝ նպատակահարմա՞ր է արդյոք օգտագործել ռուսական այդ ապարատները, սպասում են հետաքննության ավարտին: Նա նշել է, որ ամերիկյան հիվանդանոցներում դրանք չեն օգտագործվել, որպես պահուստային տարբերակ են պահվել:
Անցած ամիս Ռուսաստանը բժշկական օգնություն էր տրամադրել Միացյալ Նահանգներին, հետո պարզվեց, որ ԱՄՆ-ը ստացված ապրանքների համար վճարել է: