Վրաստանի վարչապետը հայտարարել է, թե Թբիլիսին չի խզի ռազմավարական հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տրված բարձր պաշտոնի պատճառով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին Սաակաշվիլիին նշանակել է Բարեփոխումների ազգային խորհրդի ղեկավար, թեև ավելի վաղ Թբիլիսին քննադատել էր նախկին նախագահի առաջխաղացումը Կիևի կողմից, հիշեցնելով, որ նրան հայրենիքում մի շարք ծանր մեղադրանքներ են առաջադրված: Երեկ, ի նշան բողոքի, Թբիլիսին ետ էր կանչել Ուկրաինայից իր դեսպանին՝ խորհրդակցությունների:
Վարչապետ Գիորգի Գախարիան այսօր պարզաբանել է՝ դեսպանին կանչել են, որպեսզի քննարկեն՝ «ինչպես են պաշտպանելու երկկողմ հարաբերությունները արկածախնդիրների միջամտությունից»:
Վլադիմիր Զելենսկին «սխալ» էր որակել դեսպանի ետկանչը, հիշեցնելով, որ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, և հավելել՝ յուրաքանչյուր կառավարություն անձամբ է տնօրինում իր կադրային քաղաքականությունը: