Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին Ուկրաինայում պաշտոն ստացավ, Թբիլիսին Կիևից հետ կանչեց իր դեսպանին


Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին Գերագույն ռադայում զրուցում է լրագրողների հետ, Կիև, 24-ը ապրիլի, 2020թ.
Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին Գերագույն ռադայում զրուցում է լրագրողների հետ, Կիև, 24-ը ապրիլի, 2020թ.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նրան նշանակելով այդ պաշտոնին՝ հայտարարել է. - «Կարծում եմ՝ նա կարող է թափ հաղորդել Բարեփոխումների ազգային խորհրդին և օգնել կարևոր փոփոխություններ կատարել երկրի կյանքում»:

Սաակաշվիլին Ֆեյսբուքում լուսանկար էր հրապարակել՝ գրելով, թե իր հայրենի գյուղից վրացական հիանալի գինու մի քանի շիշ ճեղքել են սահմանափակումները և հասել իրեն: «Այսօր նշելու բան կա», - իր նշանակման մասին ասել է նա:

Պաշտոնական Թբիլիսին Սաակաշավիլիի նշանակումից անմիջապես հետո որպես բողոքի նշան Կիևից հետ է կանչել դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին:

Այսօր այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, նշելով, որ դիվանագիտական հարաբերություններում դա ընդունված գործելաոճ է, ինչը վկայում է երկկողմ հարաբերություններում առաջացած որոշակի խնդիրների մասին: Ապագա քայլերը որոշելու համար անհրաժեշտ է խորհրդակցություններ անցկացնել դեսպանի հետ, ասել է արտգործնախարարը, հավելելով, թե չնայած Սաակաշվիլին ավելի ցածր պաշտոնի նշանակվեց, քան նախատեսվում էր սկզբում, այնուամենայնիվ, Վրաստանի դատական համակարգի կողմից դատապարտված և հետախուզման մեջ գտնող անձնավորությանը ռազմավարական գործընկերջ կողմից պաշտոնի նշանակումը հարցեր է առաջացնում:

Միաժամանակ, նա ասել է, որ Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու կամ երկու երկրների ռազմավարական գործընկերությունը վերանայելու հարցը չի քննարկվում:

Դեռ ապրիլի վերջերին պաշտոնական Թբիլիսին արդեն իսկ կոշտ դիրքորոշում էր հայտնել Սաակաշվիլիի մեկ այլ հնարավոր նշանակման հետ կապված: Մոտավորապես երկու շաբաթ առաջ Ուկրաինայի նախագահն առաջարկել էր Սաակաշվիլիին նշանակել ավելի բարձր պաշտոնի՝ բարեփոխումների գծով փոխվարչապետ: Ըստ Ուկրաինայի օրենսդրության՝ նախագահի կողմից առաջադրված կառավարության անդամի թեկնածուն պետք է հաստատվի Գերագույն ռադայում: Սակայն խորհրդարանական խմբակցությունների, հատկապես իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության հետ Սաակաշվիլիի հանդիպումներից պարզ դարձավ, որ պատգամավորները միանշանակ չեն վերաբերվում նրա նշանակմանը:

Սաակաշվիլին փոխվարչապետ չնշանակվեց, Թբիլիսին գտնում է՝ նշանակություն ունեցավ նաև իր կոշտ դիրքորոշումը, սակայն երեկ Զելենսկին նրան նշանակեց Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար:

Բարեփոխումների ազգային խորհուրդը ստեղծվել է 2014 թվականին: Դա Ուկրաինայի նախագահին առընթեր խորհրդակցական մարմին է, անդամներին նշանակում է նախագահը՝ առանց խորհրդարանի հաստատման:

Ուկրաինացի մեկնաբանները նշում են, որ քաղաքական լծակներ Սաակաշվիլին չի ունենա, բայց նա իրավունք ունի մասնակցելու կառավարության նիստերին:

Սաակաշվիլին Ֆեյսբուքի իր էջում երեկ գրել էր, որ երկար ու հետաքրքիր հանդիպում է ունեցել Զելենսկու հետ և կարծում է՝ նախագահը հիանալի հասկանում է, որ երկրում արագ փոփոխություններին այլընտրանք չկա, և արմատական բարեփոխումների ու փոփոխությունների հարցում նա շատ վճռական է:

Այս շաբաթ ավելի վաղ Սաակաշվիլին համառոտ ներկայացրել էր բարեփոխումների իր պատկերացումները: «Խորապես համոզված եմ, որ միայն վարչարարության դյուրացմամբ և հարկերն իջեցնելով է հնարավոր վերականգնել տնտեսությունն ու հաղթահարել ճգնաժամը», - Ֆեյսբուքի իր էջում գրել էր նա՝ հիշեցնելով, որ Վրաստանում հարկերը կրճատվել էին 62 տոկոսով, ինչի արդյունքում տնտեսության աճը քառապատկվել էր: «Եթե միջին ուկրաինացին դրական փոփոխություններ չի զգում, իր անձնական կյանքում բարելավում չի տեսնում, ուրեմն՝ բարեփոխում չկա», - հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը:

XS
SM
MD
LG