Մատչելիության հղումներ

Գավառի արյունոտ միջադեպի քրեական պատմության մեղադրյալներն այս պահին 21-ն են


Քննչական կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Ռիմա Եգանյանից տեղեկացանք, որ մեղադրյալների մեծ մասն արդեն կալանավորված է․ - «Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 21 անձի, որոնցից 14-ը կալանավորվել են, 4 անձի կալանավորման վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք չեն բավարարվել։ Իսկ մյուս 3 անձի կալանավորման վերաբերյալ միջնորդություններն այս պահին դատարանում են և գտնվում են քննարկման փուլում»։

Տասը օր առաջ նորատուսցիների և գավառցիների միջև բախում էր տեղի ունեցել Գավառ քաղաքում․ կրակահերթերի հետևանքով 30 և 31 տարեկան երիտասարդներ էին սպանվել։ Այս միջադեպին հաջորդել էր հաշվեհարդարը․ Գավառի հիվանդանոց էին ներխուժել մահացածների մտերիմները՝ մտածելով, որ իրենց հարազատներին սպանողները հիվանդանոցի վիրավորներն են։ Մտել էին հիվանդասենյակներ, կտրող-ծակող գործիքներով փորձել էին սպանել նրանց։

Քննչական կոմիտեում քննվող գործի դրվագները մի քանիսն են․ երկու անձի սպանություն, չորսին հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելը, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգություններ։

Ռիմա Եգանյան․ - «Նշված դեպքերի առթիվ հարուցվել էին քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում, և նախաքննության կատարումը, Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը»։

Գավառում տեղի ունեցած կրակոցների, ապա հիվանդանոցում հաշվեհարդարի հետևանքով 4 երիտասարդներ ծանր վիճակում տեղափոխվել էին երևանյան բուժհաստատություններ։

Նրանցից երեքը դեռ հիվանդանոցում են։ Դավիթ Հայթյանը կտրած, ծակած բազմաթիվ վերքեր ուներ, նա Գավառի հիվանդանոցում բռնության ենթարկվածներին մեկն է։ «Էրեբունի» բժշակական կենտրոնից «Ազատությանը» փոխանցեցին, որ Հայթյանը վերակենդանացման բաժանմունքից արդեն հիվանդասենյակ է տեղափոխվել, ապաքինվում է։

Երկու երիտասարդներ էլ հրազենային վիրավորումներով «Արմենիա» բուժկենտրոնում են, որի վիրաբուժական գծով տնօրեն Աշոտ Կուրղինյանի տեղեկացմամբ, նրանցից մեկը այսօր վիրահատվել է, մյուսին նույնպես վիրահատություն է սպասվում․ - «Իրանք արդեն մեկ շաբաթ գտնվում են ընդհանուր տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի բաժանմունքում, որտեղ մնալու են մինչև բուժման ավարտը, որովհետև իրենց հիմնական պաթոլոգիան հենց էդ ուղղությամբ էր։ Հենց այսօր Արմեն Հայթյանը վիրահատվել է, վիճակը բավարար է։ Նույն վիրահատությունը որոշ ժամանակ անց սպասվում է նաև Վարդանին Դավոյան»։

Աշոտ Կուրղինյանի խոսքով՝ բաժանմունքի մուտքը, տուժածները ոստիկանական հսկողության ներքո են՝ արյունոտ պատմության կրկնությունից խուսափելու համար։

XS
SM
MD
LG