Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով՝ խորհրդարանը պետք է հատուկ նիստ հրավիրի և անհապաղ լուծի Սահմանադրական դատարանի անդամների հարցը:
Անկախ պատգամավորը «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման հյուրն էր:
Ստորև՝ հատված հարցազրույցից.
Արման Բաբաջանյան. – Ո՞վ, եթե ոչ՝ այս Ազգային ժողովը, պետք է պաշտպանի ժողովրդավարությունը: Որովհետև այն քրեական, օլիգարխիկ նախկին իշխանավորների այս ոտնձգությունները, ես նրանց հայտարարությունները երբևէ քաղաքական չեմ էլ բնորոշի՝ սրանք ոտնձգություն են Հայաստանի պետականության դեմ, Հայաստանի ժողովրդավարական ընթացքի դեմ, և ես կարծում եմ, որ դրա առաջին անելիքը պետք է լինի Սահմանադրական դատարանի ճգնաժամի հաղթահարումը, որը ուղիղ ուղերձ կլիներ դատական իշխանությանը, որ այս իշխանությունը և Ազգային ժողովը, եթե մեզ հաջողվի համախոհություն ապահովել այդ հարցում, ուրեմն, կանգնած է ժողովրդավարության պաշտպանության թիկունքին և թույլ չի տա որևէ ոտնձգություն, այդ թվում նաև՝ Սահմանադրական դատարանի հայտնի 7 անդամների, և ինչպես նաև դատական իշխանության առանձին ներկայացուցիչների, շատ ստվար ներկայացուցիչների կողմից՝ ժողովրդավարության և Հայաստանի ընտրած ժողովրդավարական ուղու նկատմամբ:
«Ազատություն». – Հիմա հենց այդ մասին, պարոն Բաբաջանյան: Արտակարգ դրությունը երկարաձգվի՝ հանրաքվեն հետաձգվելու է, իսկ եթե չերկարացվի էլ, այնուամենայնիվ, օրական 100-120 վարակակրի դեպքում գործնականում թերևս անհնար է քարոզչություն, քվեարկություն կազմակերպելը, ուրեմն՝ ինչպե՞ս լուծել այդ հարցը:
Բաբաջանյան. – Սահմանադրական ճգնաժամի ավելի խորքային, արմատական լուծումը, այսօր առավելապես՝ պայմանավորված համավարակով, համարում եմ Ազգային ժողովի կողմից այն օրակարգ բերելու և այդ խնդրով անհետաձգելիորեն արտակարգ նիստ, արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտությունը, որովհետև կարծում եմ, որ այն իրավիճակը, որում հայտնվել է Սահմանադրական դատարանը, ի վերջո, հայտարարված ճգնաժամը, որի մասին մենք հատուկ նիստ ենք արել և նկարագրել ենք ճգնաժամի ամբողջ էությունը, չի վերացել, կորոնավիրուսը չի վերացրել այդ ճգնաժամը, և մենք, ըստ էության, շարունակում ենք ապրել Սահմանադրական դատարանի ճգնաժամի պայմաններում: Եվ սա, որպես առաջնային մանդատ ունեցող՝ Ազգային ժողովը, օրենսդիր մարմինը պիտի անարձագանք չթողնի: Եվ մենք հասկանում ենք, որ կորոնավիրուսի այս համավարակի պայմաններում գնալ հանրաքվեի ճանապարհով... Միևնույն ժամանակ, չի կարելի կորոնավիրուսի հույսին մնացող Սահմանադրական դատարանի այս անդամներին հանդուրժել:
Ունեմ մոտավոր պատկերացում մոտ 4 նախագծերի, որոնք կարող են Սահմանադրության հանրաքվեի դրված օրակարգային այդ՝ 9-հոգանոց Սահմանադրական դատարանից 7-ի վերաբերյալ լուծումը այլ լուծումների շրջանակում բերվել Ազգային ժողով և արագորեն լուծում գտնել և հանգուցալուծել ճգնաժամը:
Իշխանությունը այս օրերին քննարկում է, թե կորոնավիրուսի համավարակի պայմաններում ինչ ճանապարհով կարելի է լուծել սահմանադրական ճգնաժամը:
Հիշեցնենք, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակված էր ապրիլի 5-ին: Հանրաքվեով պետք է լուծվեր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները դադարեցնելու հարցը:
Քարոզարշավը մեկնարկել էր փետրվարի 17-ին և տևեց մինչև մարտի 12-ը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածման պատճառով ընդհատեց արձակուրդն ու քարոզարշավը:
Հանրաքվեին պատրաստությունները դադարեցնելու որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրեց արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ մարտի 17-ին:
Պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ «Ազատության» հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.