Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսը հաղթահարած բժշկուհին վստահեցնում է, որ թեստի դրական պատասխանը դատավճիռ չէ


Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Կարինե Տոնոյանը երեք օր առաջ է դուրս գրվել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից, որտեղ 17 օր է անցկացրել՝ բուժվելով կորանվիրուսային հիվանդությունից։

Նա հիմա տանն է մեկուսացած․ - «Հիմա անաշխատունակության թերթիկ է բացված, չեմ կարող ասել երբ կփակվի։ Հետո, բնականաբար, պետք է վերադառնամ աշխատանքի։ Ես սիրում եմ իմ աշխատանքը, ես սիրում եմ օգտակար լինել մարդկանց։ Կլինեմ էնքանով, ինչքանով կկարողանամ։ Իմ մոտ ծանր երկկողմանի թոքաբորբ էր, հիմա ոնց որ լավացման փուլում եմ գտնվում»։

Բժշկուհու պնդմամբ, թեև անվտանգության կանոններին հետևել են ու պաշտպանված են եղել, այնուհանդերձ իրեն ու Գյումրիի ինֆեկցիոնի ևս երկու աշխատակցի չի հաջողվել խուսափել վիրուսից․ - «Բուժաշխատողները համարվում են ռիսկի խումբ, ցանկացած բուժաշխատող, որտեղ որ նա աշխատելիս լինի՝ Covid-19-ով հիվանդների հետ, թե համաբուժարանում։ Որովհետև բժշկի դիմում են հիվանդները, իսկ հիմա հիվանդների մեծամասնությունը կարող է վարակված լինել Covid-19-ով։ Յուրաքանչյուր մարդ պետք է զգույշ լինի։ Եթե թեստի պատասխանը ստացվում է դրական, դա դեռ դատավճիռ չի»։

Հիվանդության ընթացքը տարբեր մարդկանց մոտ տարբեր է կերպ դրսևորվում, ասում է համաճարակաբանը ու թվարկում ախտանշանները, որոնք ևս տարբեր մարդկանց մոտ տարբեր են արտահայտվում․ - «Ամենաառաջինը ընդհանուր թուլությունն է, երբ մարդն անընդհատ ուզում է անկողնուց վեր չկենալ, պառկել, քնել։ Լինում է ջերմություն, ձերմությունը կարող է լինել յոթ, յոթ ու կես, բայց կարող է լինել նաև բավականին բարձր՝ մինչև երեսունինը-քառասուն աստիճան ջերմություն։ Բնորոշ է գլխացավը, հազը։ Հազը նորից լինում են դեպքեր, երբ բավականին խորն է, թոքաբորբի ժամանակ, և կարող է լինել ոչ այնքան հաճախակի և անհանգստացնող։ Բկանցքի շրջանում ցավեր են ունենում, որովայնի ցավեր են լինում, փսխում, սրտխառնոց, մարսողության խանգարումներ։ Նաև մաշկային որոշակի երևույթներ կարող են լինել։ Հիվանդների մի մասի մոտ կարող է լինել նաև համի և հոտի կորուստ՝ թեթև աստիճաններից ընդհուպ մինչև ծանր աստիճանով արտահայտված։ Թվարկածս ախտանշաններից կարող է մի քանիսը լինել մեկի մոտ, մի քանիսը՝ մեկ ուրիշ հիվանդի մոտ։ Այսինքն՝ խիստ պարտադիր նշաններ չեն․ կարող է մի հիվանդ ունենալ, մյուսը՝ չէ»։

«Վիրուսը կա», - շեշտում է բժշկուհին բոլոր այն թերահավատների համար, ովքեր կարծում են, որ այն իրենց չի սպառնում․ - «Ես լսում եմ, որ մարդիկ կան, որոնք որ ուղղակի կասկածում են հիվանդության գոյությունը, կամ էսպիսի արտահայտություններ՝ ես չեմ վախենում, էդ ինչ է որ․․․ ես մտածում եմ, որ կգա ժամանակ և իրենք էլ կհամոզվեն, որ էդ հիվանդությունը կա։ Որովհետև եթե մարդը չի հավատում, նա չի պահում էն խորհուրդները, որ տրվում են բժիշկների կողմից, իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ ինքը կամ իր ընտանիքի անդամը անպայման կվարակվի»։

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին 85 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 64 Շիրակի մարզից են: Հիմնական օջախները նույնն են՝ Անի խոշորացված համայնքն ու Գյումրին: Մինչև օրս Շիրակի մարզում չորս մարդ է մահացել կորոնավիրուսից։

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյան․ - «64-ից 24-ը Մարալիկից են, մնացածը՝ Գյումրիից։ Գյումրիի օջախի հիմնական դրական թեստերը ստացել ենք դեղատան օջախից»։

21 մարդ ապաքինվել է։ Թեթև ախտանշաններ ունեցող 34 հիվանդի Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխել են Ծաղկաձոր։ Մինչև օրս Շիրակի մարզում չորս մարդ է մահացել կորոնավիրուսից։

XS
SM
MD
LG