Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 4 միլիոնին


Ռուսաստան - Ոստիկանը քաղաքացու փաստաթղթերն է ստուգում, Մոսկվա, 6-ը մայիսի, 2020թ.
Ռուսաստան - Ոստիկանը քաղաքացու փաստաթղթերն է ստուգում, Մոսկվա, 6-ը մայիսի, 2020թ.

Աշխարհում կորոնավիրուսի տարածումը կանգ չի առնում, շարունակվում են մահվան դեպքերը, դեղամիջոց դեռևս չկա, պատվաստանյութի փնտրտուքն ու փորձարկումներն ընթացքի մեջ են:

Մայիսի 7-ի դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 3 միլիոն 800 հազարից ավելի դեպք, որից ակտիվ է 2 միլիոն 200 հազարը: Արդեն ապաքինվել է 1 միլիոն 300 հազար հիվանդ, այսինքն՝ վարակված երեք մարդկանցից մեկն ապաքինվել է: Մահվան դեպքերի թիվն անցել է 265 հազարը:

Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Միացյալ Նահանգներում՝ ավելի քան 1 միլիոն 200 հազար դեպք: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածներից երեքից մեկը ամերիկացի է: Բարձր է նաև մահացությունը՝ 74 հազար 800-ից ավելի մարդ է մահացել, դա ամբողջ աշխարհում մահվան դեպքերի ավելի քան 35 տոկոսն է:

Չնայած այս տվյալներին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակաբար պնդում է, որ համավարակի տարածման կորը հարթվում է, ուստի տնտեսությունն ու առևտուրն աստիճանաբար պետք է վերաբացվի:

Եվրոպայում վերջին օրերին մահվան ամենաշատ դեպքերը գրանցվում են Բրիտանիայում, այնտեղ արդեն 30 հազարից ավելի մարդ է մահացել՝ մի քանի հարյուրով ավելի, քան Իտալիայում: Այնուամենայնիվ, վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստվում է ներկայացնել մայիսի 11-ից որոշ սահմանափակումներ թուլացնելու իր ծրագիրը: Պատասխանելով կորոնավիրուսի համավարակը կանխելու համար դանդաղ գործելու՝ ընդդիմության քննադատություններին, Ջոնսոնն ասել է, որ թեստերի քանակը մայիսի վերջերին օրական հասնելու է 200 հազարի:

Կորոնավիրուսից մեծապես տուժած եվրոպական երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Բրիտանիայում, Գերմանիայում հարյուր հազարավոր մարդիկ են վարակվել, ընդհանուր թիվն անցնում է մեկ միլիոնը, տասնյակ հազարավոր մարդիկ են մահացել: Բայց Արևմտյան Եվրոպայում համավարակի պիկն անցել է, և յուրաքանչյուր երկիր, սեփական իրավիճակը գնահատելով, աստիճանաբար վերացնում է սահմանափակումները: Առաջընթացն առավել նկատելի է Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիան ու Իսպանիան ևս թուլացրել են որոշ սահմանափակումներ, Ֆրանսիան որոշել է մեղմացումների գնալ հաջորդ շաբաթվանից:

Մոտ ապագայում լուրջ առաջընթաց է սպասվում Բալթյան երկրներում: Լիտվան, Լատվիան և Էստոնիան որոշել են մայիսի 15-ից բացել սահմանները: Եվրոպայում սա կլինի առաջին դեպքը, երբ երեք երկրներ միաժամանակ կվերականգնեն նախկին կապերը:

Մերձբալթյան երեք երկրներում միասին վերցրած արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 4 հազար դեպք, մահացել է 123 մարդ:

Ռուսաստանում համաշխարհային համավարակի սկզբում վարակվածների թիվը քիչ էր, բայց հիմա, կոնկրետ այս շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր օր երկրում կորոնավիրուսի 10 հազարից ավելի դեպք է արձանագրվում: Անցած 24 ժամվա ընթացքում նոր հակառեկորդ է գրանցվել՝ 11 հազար 200-ից ավելի դեպք, մահացել է ևս 88 մարդ: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 177 հազար դեպք, մահացել է 1625 հիվանդ: Ամեն դեպքում, վարակվածների թվի համեմատ մահացությունը Ռուսաստանում ավելի քիչ է:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշն ընկել է: «Լևադա» կենտրոնի անցկացրած հարցումների համաձայն՝ ապրիլին Պուտինի վարկանիշը 59 տոկոս էր, ավելի ցածր վարկանիշ՝ 53 տոկոս, նա ունեցել էր 1999 թվականի սեպտեմբերին, երբ դեռ նոր նշանակվել էր վարչապետի պաշտոնին: Բայց «Լևադա» կենտրոնի նույն օրը՝ մայիսի 6-ին հրապարակած հարցումների արդյունքները նաև ցույց են տալիս, որ աճել է սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների թիվը, փոփոխություններ, որոնք Պուտինին նախագահի պաշտոնում ևս երկու անգամ առաջադրվելու ճանապարհ են բացում:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, թե կառավարությունը չի վստահում «Լևադա» կենտոնի հարցումներին: Նա նշել է, որ Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի հարցումների համաձայն՝ Պուտինի վարկանիշն ապրիլին կազմել է գրեթե 70 տոկոս: Նշենք, որ Պեսկովի վկայակոչած այդ կենտրոնը պետական վերահսկողության ներքո գտնվող հաստատություն է:

XS
SM
MD
LG