Մատչելիության հղումներ

Համաճարակին զուգահեռ Վրաստանում թափ է հավաքում այլատյացության ալիքը, ահազանգում են իրավապաշտպանները


Վրաստան - Բուժաշխատողները, զինվորականը և Մարնեուլիի բնակիչները, 4-ը մայիսի, 2020թ.
Վրաստան - Բուժաշխատողները, զինվորականը և Մարնեուլիի բնակիչները, 4-ը մայիսի, 2020թ.

«Կորոնավիրուսի համաճարակին զուգահեռ Վրաստանում թափ է հավաքում այլատյացության ալիքը», - պնդում են թբիլիսցի իրավապաշտպանները` մեկնաբանելով սոցիալական ցանցերում վերջին օրերին ծավալված քննարկումները:

Դրանց մասնակիցները քննադատում են Վրաստանում կորոնավիրուսի բռնկման հիմնական օջախներից մեկի` Մարնեուլիի և Բոլնիսի շրջանների ադրբեջանական բնակչությանը:

Սոցիալական ցանցերում ծագած այս բանավեճերի հիմնական դրդապատճառը հանգստյան օրերին Բոլնիսի մերձակայքում գտնվող Մուշևանի ադրբեջանաբնակ գյուղում տեղի ունեցած միջադեպն էր: Երկու օր շարունակ ոստիկանության աշխատակիցներն ու համաճարակաբանները չէին կարողանում հոսպիտալացնել գյուղի` կորոնավիրուսով վարակված 10 բնակիչներին: Վարակակիրներին հարկադրաբար հիվանդանոց տեղափոխելու ապարդյուն փորձերն ի վերջո վերաճեցին բախումների, որոնց ընթացքում ադրբեջանցի երիտասարդները վնասեցին գյուղի տարածք մուտք գործած ոստիկանական մեքենաներից մեկը` ստիպելով բժիշկներին ու իրավապահներին քարերի ու փայտերի տարափի տակ նահանջել:

Միջադեպից հաշվված ժամեր անց սոցիալական ցանցերում տասնյակ գրառումներ հայտնվեցին, որոնց հեղինակները խստորեն քննադատում էին Բոլնիսի և Մարնեուլիի ադրբեջանցիներին, նրանց մեղադրում կորոնավիրուսի տարածման համար: Առավել շոկայինը, սակայն, թբիլիսցի հայտնի մտավորականներից մեկի` «Ձեռագրերի ազգային կենտրոնի» տնօրեն Զազա Աբաշիձեի հայհոյախառն գրառումն էր, որում նա իշխանություններին բառացիորեն խորհուրդ էր տալիս. - «Հարկավոր է դրանց արգելափակել գյուղում, որ մեռնեն»:

Մի քանի ժամ անց, սոցցանցերում և լրատվամիջոցներում բարձրացած աղմուկի պատճառով, Աբաշիձեն ստիպված էր հեռացնել այդ գրառումը: Սկանդալը, սակայն, այդքանով չմարեց:

Շաբաթասկզբին հայտարարությամբ հանդես եկան Թբիլիսիում գործող մոտ մեկ տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ` պահանջելով Աբաշիձեին հեռացնել «Ձեռագրերի ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնից:

Իրավապաշտպանները նաև հիշեցնում էին, որ Աբաշիձեն նախկինում զբաղեցրել է «Ռուս-վրացական հասարակական կենտրոն» կազմակերպության ղեկավարի պաշտոնը: Այդ կառույցի հիմնադիրը Ռուսաստանում գործող իշխանամետ «Գորչակովի հիմնադրամն» է, որի հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը արտգործնախարար Սերգեյ Լավրովն է:

«Այսօր մենք այլատյացության նոր մի ալիք ենք տեսնում երկրում, որի թիրախում են հայտնվել Վրաստանում ապրող ադրբեջանցիները: Կարծում եմ, որ նման հայտարարություններից հետո պարոն Զազա Աբաշիձեն չի կարող զբաղեցնել «Ձեռագրերի ազգային կենտրոնի» ղեկավարի պաշտոնը», - «Մթավարի արխի» ալիքի եթերում հայտարարում էր «Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնություն» կազմակերպության ղեկավար Գիորգի Մշվենիերաձեն:

Մարնեուլիի և Բոլնիսի ադրբեջանցիների հետ առկա խնդիրներին մասին, ի դեպ, խոսում են նաև վրաց համաճարակաբանները: Մայիսի սկզբին այս մասին խոսել էր նաև «Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի» ղեկավար Ամիրան Գամկրելիձեն` նշելով, որ այստեղ բավական բացասական դերակատարություն ունեն` «ադրբեջանցի հոգևորականները` մոլլաներն ու մուֆթիները»:

Թբիլիսիում, այդուհանդերձ, նշում են, որ մահմեդական հոգևորականության նման վերաբերմունքն ինչ-որ տեղ օրինաչափ է: Երբ երկիրն ուղղափառ Զատիկն էր տոնում, Վրաստանի կառավարությունն այդպես էլ որևէ էական քայլի չդիմեց եկեղեցիներում ժամերգությունները սահմանափակելու և մարդկային կուտակումները կանխելու ուղղությամբ: Այժմ, մինչդեռ, երբ մեկնարկել է մահմեդականների համար սրբազան Ռամադան ամիսը, վրացական կառավարությունը շարունակում է փակ պահել ադրբեջանցիներով բնակեցված քաղաքների և գյուղերի մզկիթները:

XS
SM
MD
LG