Մատչելիության հղումներ

Համաճարակաբանները չեն բացառում, որ մինչև օգոստոս ԱՄՆ-ում կորոնավիրուսից 135 հազար մարդ կմահանա


ԱՄՆ - Նյու Յորքի հիվանդանոցներից մեկի բուժաշխատողները հանգստանում են լարված աշխատանքից հետո, 3-ը մայիսի, 2020թ.
ԱՄՆ - Նյու Յորքի հիվանդանոցներից մեկի բուժաշխատողները հանգստանում են լարված աշխատանքից հետո, 3-ը մայիսի, 2020թ.

«Մարդկությունը պետք է համակերպվի այն մտքին, որ կորոնավիրուսը դեռ տևական ժամանակ ուղեկցելու է իրեն», - պնդում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչները` հատուկ ընդգծելով, որ համաճարակի տարածման հարցում առայժմ որևէ միասնական, համաշխարհային միտում չի նշմարվում:

«Որոշ երկրներում նոր վարակակիրների և մահացածների թիվը նվազում է, մյուսներում` շարունակում է աճել: Այս վարակը դեռ տևական ժամանակ մեզ հետ է լինելու, և մենք պետք է միասնաբար դրա հաղթահարման միջոցներ ձևավորենք, տրամադրենք դրանք միմյանց», - երկուշաբթի երեկոյան Ժնևում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում վարակակիրների թիվը գերազանցել է 3 միլիոն 650 հազարի շեմը, որոնցից գրեթե 1 միլիոն 200 հազարը՝ Միացյալ Նահանգներում:

ԱՄՆ-ը համաշխարհային առաջատարն է ոչ միայն վարակակիրների, այլև մահացությունների ցուցանիշով` ավելի քան 68 հազար: Դրա հետ մեկտեղ` կորոնավիրուսի համաճարակի ամերիկյան էպիկենտրոն Նյու Յորքի իշխանությունների մոտ նկատելի են զգուշավոր լավատեսության առաջին նշույլները:

«Հոսպիտալացվածների ընդհանուր թիվը նվազում է, կորը՝ գնալով իջնում: Եթե պատկերավոր կերպով նկարագրելու լինենք, ապա մենք արդեն լեռան հակառակ կողմում ենք», - հայտարարում է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն` նշելով, որ նահանգային իշխանություններն արդեն իսկ մտածում են տնտեսության վերագործարկման քառափուլ ծրագրի մասին: Դրա համաձայն՝ առաջինը վերագործարկվելու է շինարարական ոլորտը: Վերջինը բնականոն կյանքին կվերադառնան կրթական հաստատությունները:

Ամերիկացի համաճարակաբանները, սակայն, թե' դաշնային և թե' նահանգային իշխանություններին կոչ են անում կարանտինային սահմանափակումները մեղմելու հարցում առայժմ չշտապել:

Սպիտակ տան ներքին օգտագործման համար նախատեսված մի փաստաթղթից, օրինակ, որ հայտնվել է The New York Times-ի տրամադրության տակ, պարզ է դառնում, որ կորոնավիրուսից օրական արձանագրվող մահերի թիվը ԱՄՆ տարածքում մինչև հունիսի 1-ը կարող է հասնել 3 հազարի` ներկայիս 1750-ի դիմաց:

Վաշինգտոնի համալսարանի մասնագետների կատարած հաշվարկների համաձայն էլ` մինչև օգոստոս կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը Միացյալ Նահանգների տարածքում կարող է հասնել 135 հազարի:

Դեռևս բավական անորոշ է իրադրությունը Արևմտյան Եվրոպայում:

Մեծ Բրիտանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրեթե 300 մարդ է մահացել, ինչը մարտի վերջից Միացյալ Թագավորության տարածքում մեկ օրում արձանագրված մահերի ամենացածր ցուցանիշն է: Չնայած նվազման այս միտմանը, այդուհանդերձ, պաշտոնական Լոնդոնն առայժմ հակված չէ գնալ կարանտինային միջոցառումների գոնե մի մասը վերացնելուն:

Սահմանափակումների աստիճանական վերացման հարցում որոշակի տարաձայնություններ են ծագել Ֆրանսիայում: Երեկ երեկոյան ֆրանսիական Սենատը դեմ քվեարկեց կառավարության` սահմանափակումները մեղմելու ծրագրին: Ֆրանսիական մամուլի գնահատմամբ, մինչդեռ, այդ քվեարկությունը առավելապես խորհրդանշանական բնույթ էր կրում և արտակարգ դրության պայմաններում հազիվ թե ազդի վարչապետ Ֆիլիպի նախարարական կաբինետի մշակած ծրագրերի վրա: Դրանց համաձայն՝ նախատեսվում է արդեն մայիսի 11-ից վերաբացել երկրի տարածքում գործող նախակրթարաններն ու տարրական դպրոցները: Կառավարության այս ծրագրին կտրուկ կերպով ընդդիմացել են տեղական իշխանությունները: Ավելի քան 300 քաղաքապետեր, այդ թվում` Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն, բաց նամակով դիմել են նախագահին և վարչապետին` կոչ անելով հրաժարվել այս մտադրությունից:

Իսկ ինչ վերաբերում է կորոնավիրուսի եվրոպական թիվ մեկ օջախին` Իտալիային, ապա այստեղ կարանտինային միջոցառումների աստիճանական մեղմացումը մեկնարկել է երեկ: Բացվել են սրճարաններն ու բարերը, սակայն տեղում հաճախորդներին սպասարկել դրանք չեն կարող՝ հաճախորդները այդտեղից գնված ուտելիքը կամ խմիչքը պետք է տուն տանեն: Որպես հետևանք` Հռոմի սպասարկման ոլորտը խոր ճգնաժամում է:

«Երեկ ենք սկսել աշխատել, և այսօր արդեն պարզ է, որ կարողանում ենք ապահովել նախաճգնաժամային շրջանի շահույթի 10 տոկոսը միայն: Քանի դեռ զբոսաշրջիկները չեն վերադարձել, մեր բիզնեսը մեռած է», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշում էր Հռոմի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկի սեփականատեր Գաբրիելե դի Ռենցոն:

XS
SM
MD
LG