Կորոնավիրուսի համավարակի պատճառով այս օրերին շատերն անցել են հեռավար աշխատանքի: Արտակարգ դրության պայմաններում նախատեսվում է հեռավար եղանակով աշխատելու պարագայում աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորություն, ինչպես նաև արտաժամյա ավելացում:
Քվեների 117 կողմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ Ազգային ժողովը չորեքշաբթի օրը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հեռավար աշխատանքի կազմակերպմանն առնչվող օրինագիծը:
Հիմնական զեկուցող, աշխատանքի և սոցիալական արցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանն ասաց՝ առաջարկներ են ներկայացրել «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, դրանց մեծ մասն ընդունվել է:
«Բարգավաճ Հայաստան»-ի առաջարկների հետ կապված՝ խմբագրել ենք նախագծի հոդված 2-ը, որը վերաբերում է արտակարգ իրավիճակի պայմաններում որոշակի դեպքերում գործատուի կողմից աշխատողին այլ աշխատանքի տեղափոխելուն մինչև մեկ ամսով: Երկրորդ առաջարկը, որին նույնպես համաձայնել ենք, դա հոդված 5-րդն է, որով հստակություն ենք մտցնում արտաժամի հետ կապված, և այստեղ հղում ենք տալիս Աշխատանքային օրենսգրքի հոդված 130-րդ հոդվածի 3-րդ մասին, հատկապես այս շրջանում պայմանավորված որոշ ոլորտներում գործատուների մոտ արտաժամի անհրաժեշտության, և նաև այս ոլորտներում բազմաթիվ գործատուներ կարող են օգտվել արտաժամի այս նոր կարգավորումով: Հղումը ավելի պարզաբանող և ճանաչելի է դարձնում, թե ինչպես օգտվել 4-ից 8 ժամ իրար հաջորդող երկու օրերի ընթացքում արտաժամ աշխատողին առաջարկելով», - հայտարարեց փոխնախարարը:
Նախագծում, չնայած որոշ բացթողումներին և թերություններին, իրացված է աշխատողների ու գործատուների օրինական շահերի արդարացի հավասարակշռման սկզբունքը, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Կային որոշակի քննարկելու պահեր, երբեմն երեկ նաև մենք ունեցանք որոշակի տարաձայնություններ, բայց, բարեբախտաբար, էդ տարաձայնությունները հարթվեցին, կրկնում եմ, հաշվի առնելով, որ մեր առաջ կա գերնպատակ՝ ստեղծված իրադրության մեջ արագ կողմնորոշվելու և օպերատիվ գործելու: Եվ կարծում եմ, որ ձեռք բերված համաձայնությունները, եթե անգամ ինչ-որ մեծ օգնություն ցույց չտան, համենայն դեպս, առնվազն չեն խոչընդոտի աշխատող-գործատու փոխարաբերություններում իրավաչափ շահերի արդարացի հավասարակշռությամբ ցանկալի արդյունքի հասնելու ողջամիտ հավանականությունը», - նշեց Պետրոսյանը:
Ըստ օրինագծի սահմանվել է հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի հասկացությունը և հեռավար եղանակով աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորություն է նախատեսվել: Բացի այդ, նախատեսվել է, որ հեռավար աշխատանքների կազմակերպումը չպետք է համարվի աշխատանքային պայմանագրի էական պայմանի փոփոխություն: Նախատեսվում է նաև՝ գործատուի ցանկության դեպքում հարկադիր պարապուրդի վճարը կարող է լինել ավելին, քան ներկայումս՝ միջին ժամային աշխատավարձի երկու երրորդը, այս մասով տրվել է նաև հետադարձ ուժ: Անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած հարկադիր պարապուրդի համար գործատուն կարող է նաև իր ցանկությամբ վճարել:
Գործատուի համար նախատեսվել է պարտադիր պահանջ, որ աշխատողի պահանջով աշխատողին տրամադրվի իր չօգտագործված արձակուրդը՝ անհաղթահարելի ուժի ծագման դեպքում:
Նախատեսվել է նաև, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ գործատուն իրավունք չունենա լուծել աշխատանքային պայմանագիրը կամ կարգապահական տույժ կիրառել այն աշխատակիցների նկատմամբ, որոնք իրավիճակով պայմանավորված՝ չեն կարողանում ներկայանալ աշխատանքի կամ ներկայանում են աշխատանքի ավելի ուշ: Օրինակ՝ այն ծնողները, որոնք նախաուսումնական, ուսումնական հաստատությունների փակման կամ արձակուրդների տեղափոխման արդյունքում ստիպված են մնալ տանը և խնամել իրենց երեխաներին, երկու ժամ ուշանալու դեպքում նրանց աշխատավարձը կվճարվի ամբողջությամբ, իսկ երկու ժամից հետո աշխատավարձը կվճարվի փաստացի կատարած աշխատանքին համարժեք կերպով: