Մատչելիության հղումներ

«Մարդիկ վիրուսից են մեռնում, ես էլ կմեռնեմ սովից». տիկին Կարինեն ոտքով Չարբախից Կենտրոն է հասել 200 դրամի համար


Տիկին Կարինեն Չարբախից ոտքով հասել էր Մաշտոցի պողոտա, այստեղ դեպի բակ տանող դալաններից մեկն էր ավլում` գոնե 200 դրամ ստանալու հույսով.- «Մաքրըմ եմ, մարդը 200 դրամ փող է տալիս, հիմա եկել եմ, տենամ` ով ա եկել գործի, որ գոնե հացի փող վեկալեմ, տուն գնամ: Ո՛չ թոշակ եմ ստանում, ո՛չ նպաստ եմ ստանում, մարդիկ վիրուսից են մեռնում, ես էլ կմեռնեմ սովից»:

Կարինե Բաղդասարյան, Արարատյան 62/1, հինգերորդ հարկ, խնդրում է տարբեր հասցեներով սնունդ տանող կառույցներին հիշել իր տեղը նույնպես: Կնոջ լացի պահին կողքից մի հարց հնչեց.- «Ձեր օղերն ի՞նչ արժեն»:

«Էսի հասարակ ա տղա ջան, հասարակ, ամենայն ազնվությամբ»,- եղավ պատասխանը:

Հարցն ավելի սրեց իրավիճակը. տիկին Կարինեն սկսեց արդարանալ` եթե ոսկի լիներ, գրավատուն կգնար, ողորմություն չէր խնդրի...

Արտակարգ դրությունը և այժմ էլ դրա երակարաձգումն արտակարգ ծանր հարցեր է առաջացրել չգրանցված կամ օրավարձով աշխատողների համար.- «Էսօր Երևանի կեսը ոչ գրանցված աշխատողներ են, ի՞նչ պետք է անեն այդ մարդիկ, օդո՞վ են սնվելու, որոնք հիվանդ են, ի՞նչ են անելու, մեռնելո՞ւ են: Ի՞նչ տարբերություն կորոնավիրուսից մեռնեն, թե նենց, տարբերությունը ո՞րն է»:

Տիկին Սվետլանան խոհարարի օգնական էր, հիմա սննդի այդ կետը չի աշխատում, բանկ վարկ վերցնելու էր մտել, մերժված դուրս եկավ.- «Չէ, չեմ աշխատում, որտեղ աշխատել եմ, փակ է: Տղաս դուրսը աշխատում է, այնտեղ էլ չեն թողնում աշխատի, այ սենց վիճակ ա: Վարձով եմ ապրում, ամսի 25-ին վարձիս օրն ա, չգիտեմ` ոնց եմ վճարելու վարձը, ի՞նչ ասեմ ուրիշ: Մենակ ասում են` նստեք տունը, բայց ես ինչո՞վ ապրեմ, նստեմ տունը, լավ»:

Աշխատանքի տեղավորման որոշ գործակալություններ էլ, օգտվելով օրավարձով աշխատանքը կորցրած մարդկանց անհուսությունից, խաբեությամբ են զբաղվում, ասում է Լամարա Եգանյանը։ Նա այդպես ծուղակն էր ընկել, հիմա փորձում է հետ բերել կորցրած 5 հազարը.- «Ես հիմա գնում եմ էտ գործակալություն, իմ 5 հազար դրամը հետ պահանջեմ, ես 2 անչափահաս երեխա ունեմ, էտ գործն ինձ շտապ պետք էր, եթե էս օրերը ինքը հաշվի էր առնում, փողը չվերցներ հենց էտ օրերին»:

Արտակարգ դրության ժամկետը ևս 30 օրով երկարաձգելու կառավարության որոշմանը խաղաղ են արձագանքում գոնե օրվա հացի խնդիր չունեցողները.- «Եթե գումար վճարվի, նստենք տունը, ուտենք, խմենք, շատ լավ է»:

«Իրար տուն չենք գնում, հարևանություն չենք անում իրար հետ»,- ասում է մյուսը:

Ոմանք ասում են` դուրս են եկել մաքուր օդ շնչելու, մյուսը` վճարումներ անելու, երրորդն էլ նշում է` տանը ավելի ցուրտ է:

Աջափնյակի բակերից մեկում մեծ մաքրություն էր, համոզեցին՝ սոցիալական հեռավորության վրա են ու հետո էլ, երբ զրուցարանը կարգի բերեն, չեն հավաքվի մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը:

«Վիրուսին հարգանքով ենք վերաբերվում, ինչպես թշնամուն»,- ասաց Բենիկ Ասատրյանը.- «Էլի վախենըմ ենք, էլի հարգըմ ենք, բա ոնց, բա թշնամուն միշտ պիտի հարգես, որ հաղթես»:

«Կանգնըմ էլ ենք, էթըմ ենք ուրիշ տեղ էլ ենք կանգնըմ...Էսօր ա, որ դուրս եմ եկել, էսքան ժամանակ դուրս էլ չեմ եկել տնից»,- վստահեցրեց տղամարդկանցից մյուսը:

Միայն այսօր մինչև օրվա վերջ՝ 23:59 րոպեն, պարետը թույլատրել է մարդկանց տեղաշարժը դեպի մշտական բնակության կամ ինքնամեկուսացման վայրեր, հսկողության տակ են բոլոր մայրուղիները։

Աշտարակի մայրուղում ոստիկանության 5-րդ հատուկ գումարտակի տեսուչներն էին, բոլոր վարոդներից պահանջում էին տեղաշարժի թերթիկ, ստուգում անձնագրերը:

Սաշա Հարությունյանը թերթիկում կարճ էր կապել, գրել էր. «Գնում եմ այգու գործերով»: Տեսուչ Պետլեմյանն առաջարկեց մեքենան աջ քաշել և թերթիկը համալրել հենց մայրուղու վրա:

Արագածոտնից մի գործարար Երևան էր եկել սպանդանոց կառուցելու նախագծով, վերադառնում էր նույն նախագծով, անորոշության զգացումով.- «Ոչ մեկից չկարացանք չոտկի իմանանք` ինչ են անում»:

«Այցի նպատակը՝ ինքնամեկուսացում»,- գրել է Ալավերդի՝ ծննդավայր մեկնող Վարդան Պողոսյանը.- «Նպատակը քաղաքն ազատենք, թեթևանա քաղաքը, որ առողջանա, գնանք ծննդավայր` Ալավերդի, գնանք, մեկուսանանք»:

«Այսօր երթևեկությունը շատ ակտիվ է»,- նկատում է հենց ճամփեզրին ցորեն, ալյուր ու այլ բարիքներ վաճառող Վաչե Սարգսայնը, բայց դրանից իր հաճախորդները չեն ավելացել, մինչև օրվա կեսը ընդամենը 3 հազար դրամի առևտուր էր արել.- «Դաժե ալյուր չի ծախվել այսօր, որ միշտ շատ ուժեղ ծախվում էր, չի ծախսվել, մարդիկ պահեստավորել են, նստել են իրանց տները, սպասըմ են, տենան` ինչ կլինի: Երևի լավ կլինի»:

XS
SM
MD
LG