Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1867-ի, 866 մարդ արդեն ապաքինվել է


Կորոնավիրուսի հետևանքով 67-ամյա կին է մահացել, սա նոր կորոնավիրուսից մահվան 30-րդ դեպքն է Հայաստանում։

Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ հիվանդությունների բաժնի ղեկավար Լիաննա Թորոսյանի խոսքով՝ պացիենտն ուղեկցող քրոնիկ հիվանդություններ է ունեցել:

«Ցավոք սրտի, այո, բոլորի մոտ ունեցել ենք զուգակցող հիվանդություններ, ինչը նաև նպաստել է հիվանդության նման ելքով արձանագրման», - ասաց Լիաննա Թորոսյանը:

Մեկ օրում 59 քաղաքացու մոտ հաստատվել է վարակը, առողջացածները 18-ն են։ Կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը վարակի բռնկման պահից մինչև այժմ՝ 1867 է, 866-ն արդեն ապաքինվել է։ Այս պահին հանրապետության տարբեր բուժհաստատություններում բուժում է ստանում 971 պացիենտ։

«Թոքաբորբեր կան, բայց դրանք այդպես շատ չեն, և իհարկե, պետք է փաստեմ նաև, որ անախտանիշ դեպքերն էլ, թեթև դեպքերն էլ: Նույնիսկ նաև ունենում ենք թեժ գծով զանգեր, որ «ինձ մոտ վիրուսը հայտնաբերել եք, բայց ես գրեթե որևէ ախտանշան չունեմ»: Իհարկե ունենք դեպքեր, երբ որ ունեն միջին ծանրության, ծանր ընթացքով, կլինիկական ընթացքով են գնում», - նշեց ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների բաժնի պետը:

Վերջին օրերի ապաքինումների ու հաստատված նոր դեպքերի թվերի վերլուծությունն այնուամենայնիվ թույլ չի տալիս ասել՝ մեր երկիրը վարակի պիկը հաղթահարե՞լ է, թե՞ այն դեռ առջևում է։

«Այսօր նաև ունենք առանձին օջախներ, թե՛ աշխարհագրորեն և թե՛ համաճարակաբանորեն, ասենք՝ Վարդենիսում արձանագրված դեպքերը, Արարատի մարզի լոկալիզացված մեկ գյուղում դեպքերը», - ասաց Թորոսյանը:

Խնդիրը բարդացնում է այն, որ վարակակիրների մի մասն ակնհայտ ախտանշաններ չունի, շեշտեց վարակիչ հիվանդությունների բաժնի պետը։ Կանխատեսումներ չունի նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Ամեն օր աշխարհագրական տարբեր հասցեներում նոր վարակակիրներ են ի հայտ գալիս, երեկ Տավուշի Պառավաքարն էր, այսօր՝ Գեղարքունիքի Սևան քաղաքը։

Արարատի մարզի Աբովյան գյուղում երևանյան հիվանդանոցներից մեկի բուժաշխատողն է վարակն իր ընտանիք տարել: Համայնքի ղեկավար Ավետիք Հարությունյանի խոսքով՝ գյուղում այլ վարակակիրներ չկան, կան մեկուսացվածներ:

«Իրենից վարակվել են ընտանիքի երկու անդամները, ուրիշ վարակ չկա գյուղում, ամեն ինչ նորմալ է», - նշեց համայնքի ղեկավարը:

Այս պահին վարակի տարածումը կանխելու նպատակով փակ է ելումուտը Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Շիրակի մարզի Մարալիկ ու Ձորակապ համայնքներում։

Մարալիկի առողջության կենտրոնի բուժանձնակազմից 22 հոգի Գյումրիի ինֆեկցիոնում են, նրանց հետ՝ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը: Նա տեղեկացրեց, որ այսօր առավոտյան կրկնակի թեստավորվել են:

«Սպասում ենք անհամբեր, ամեն րոպե էլ կարող է լինել», - ասաց Հովսեփյանը:

Ավելի ուշ Անուշ Հովսեփյանը տեղեկացրեց՝ 5 բուժաշխատող արդեն թեստի բացասական արդյունք ունի։

Վարդենիսում էլ հիվանդանոցի ու պոլիկլինիկայի բուժանձնակազմից 21 հոգի է վարակակիր։

«9 հոգի ունենք հիվանդանոցում, 12 հոգի, եթե չեմ սխալվում, պոլիկլինիկայում», - նշեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Լուսինե Վարդանյանը:

Մարզպետարանի առողջապահության վարչության պետից տեղեկացանք՝ վարակակիրները հիմնականում ախտանշաններ չունեն, լավ են։

Առողջապահական գերատեսչությունը վարակակիրների ցանկում բուժաշխատողներին չի առանձնացնում, առանձին թիվ չկա, թե այս պահին կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող բուժկենտրոնների կազմից քանի բուժաշխատող է վարակակիր: Օրինակ՝ Գյումրիի ինֆեկցիոնում Մարալիկից այս պահին 27 վարակակիր կա, 22-ը առողջության կենտրոնի աշխատակիցներ են:

Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը շեշտում է՝ մարդկային գործոնը, բուժաշխատողի վարքագիծը շատ կարևոր է:

«Օրինակ բերեմ՝ մայրապետը, որը պետք է հանի արտահագուստն այնպես, ինչպես որ կարգն է, որևէ մեկը չի կարող ամեն վայրկյան հսկողություն սահմանել այդ մայրապետի կողքին, որպեսզի հասկանա՝ հանվեց անհատական պաշտպանիչ միջոցը այնպես, ինչպես որ կա՞րգն է, թե՞ ոչ», - ընդգծեց Աբովյանը:

Ըստ Ռոմելա Աբովյանի՝ վարակակիր բժիշկ-բուժքույրերի թիվը աշխարհում էլ մեծ է, պատճառը կորոնավիրուսի վարակելիության բարձր աստիճանն է։ Այժմ, ըստ նրա, բոլոր բուժհաստատություններում առաջին գծում աշխատողների հետ շարունակում են վերապատրաստումները:

«Ե՛վ տեղում ենք անում, և՛ օնլայն ենք անում: Օնլայն թրեյնինգներն իրականացվում են Ազգային ինստիտուտի կողմից, այսինքն՝ մասնագետները օնլայն ձևաչափով աշխատում են բոլոր բուժհիմնարկների հետ, իսկ տեղում վերապատրաստումներն իրականացվում են այդ շրջիկ մասնագիտական խմբերի կողմից, որոնք իրականացնում են կարողությունների գնահատում», - ասաց ՀՎԿԱԿ ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետը:

Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները վստահ չեն, թե եղանակի տաքացմանը զուգահեռ վարակը կնահանջի։ Լիաննա Թորոսյանը նշում է՝ համաճարակաբանության տեսանկյունից պիտի որ տաք եղանակը կործանարար լինի այս վիրուսի համար, բայց մինչև վերջ չուսումնասիրված Covid-19-ի դեպքում ամեն ինչ դեռևս անորոշ է։

Որտե՞ղ ենք մենք այժմ կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով. ֆեյսբուքյան գրառմամբ հարցնում ու պատասխանում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Վերջին օրերին հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5 տոկոս։ Աճի կորի հարթեցումը մեզ որոշակիորեն հաջողվել է: Հաջողվել է ժամանակ շահել և վերադասավորվել` հիվանդության դեմ պայքարի ավելի կազմակերպված համակարգ ունենալու համար», - գրել է նախարար Թորոսյանը։

Մասնագետների հորդորը անփոփոխ է՝ եթե սահմանափակումները աստիճանաբար թուլանում են, երբեք չպետք է թուլանա զգոնությունը։

XS
SM
MD
LG